Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի անդամներին
СпортՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի անդամներին և նրանց հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղիները:
Նախարարության հետ համագործակցություն ձևավորելու համար ֆեդերացիան պարտադիր գործընթացներ պետք է անցնի: Դրանք են` բոլոր մարզիչները պետք է մասնակցեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող մարզիչների վերապատրաստման դասընթացներին, իսկ մարզիկները պետք է անցնեն պարտադիր բուժզննում և ունենան այդ մասին հավաստող փաստաթուղթ:
Հաջորդ պահանջը վերաբերում է ՀՀ առաջնություններին, որոնք ֆեդերացիան պարտավոր է անցկացնել բոլոր տարիքային խմբերի համար (պատանի, երիտասարդ, մեծահասակ): Եվ, վերջապես, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին հավաքական թիմերը պետք է հանդես գան մեկ ընդհանուր հայտով:
«Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հետ մենք համագործակցության նախնական ժամանակահատված ենք սահմանել՝ մինչև 2020 թվականը: Նախարարության համապատասխան մասնագետները ուշիուշով կհետևեն այս ֆեդերացիայի մարզիկների մրցելույթներին, և միայն 2017 թվականի ընթացքում նրանց մարզական բարձր արդյունքները թույլ կտան ասել՝ հաջորդ տարի արդյոք հնարավոր կլինի ֆեդերացիան ընդգրկել պետական աջակցություն ստացող ֆեդերացիաների ցանկում, թե ոչ»,- ասել է նախարար Ռոստոմյանը:
Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան ունի շուրջ 3000 մարզվող Երևանում, Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախում: Միայն մայրաքաղաքում գործում է մարզաձևի 40 խումբ: