«Փարաջանով» ֆիլմը կհայտնվի ֆրանսիական կինովարձույթում
Հայաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Վրաստանի համատեղ արտադրությամբ ստեղծված «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը կհայտնվի ֆրանսիական կինովարձույթում: Ֆրանսիացիները հնարավորություն կունենան ծանոթանալ անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի գործունեությանը և արվեստին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի գլխավոր դերակատար և համառեժիսոր Սերժ Ավետիքյանը նշեց, որ կինոնկարը Ֆրանսիայում կներկայացվի հաջորդ տարվանից:
«Ֆրանսիայում «Փարաջանով»-ի վարձույթը կսկսվի հունվարի 7-ից: Տեղեկությունն արդեն հաստատվել է, կարծում եմ, որ դեռ կլսեք այդ մասին: Տեսնենք, թե ինչպես է Ֆրանսիան դիտելու և ընդունելու ֆիլմը, ինձ էլ է շատ հետաքրքրում»,- նշեց Ավետիքյանը:
Նրա խոսքով՝ ֆիլմն արդեն իսկ ցուցադրվել է Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ռուսաստանում, հիմա էլ Ֆրանսիայի հերթն է: ««Փարաջանով» ֆիլմը բազմաթիվ փառատոնների է մասնակցել և կշարունակի մասնակցել»,- հավելեց Սերժ Ավետիքյանը:
Նախքան մեծ էկրաններ բարձրանալը, «Փարաջանովը» հսկայական փառատոնային ուղի է անցել: Հունվարի 24-ին ֆիլմը ներկայացվել է Անժե քաղաքի փառատոնում: Փետրվարի 1-ին' Փարիզի արվարձաններից մեկում այն մասնակցել է «Լոնգրուայի մրցանակ» արարողությանը: «Փարաջանովը» ներկայացված է եղել 2013 թ. սեպտեմբերի 19-23-ն անցկացվող Բաթումի կինոփառատոնի մրցութային միջազգային ծրագրում, Համբուրգի և եվրոպական մասշտաբի այլ փառատոններում:
Ուկրաինան «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրել էր «Փարաջանով» ֆիլմն Ամերիկյան կինոակադեմիայի 2013 թվականի «Օսկար» մրցանակի համար: Օդեսայի 4-րդ կինոփառատոնում «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը ճանաչվել էր լավագույն լիամետրաժ ֆիլմ և ստացել «Զոլոտոյ Դյուկ» մրցանակը: Մասնագիտական ժյուրիի դրական գնահատականից բացի, այն արժանացել էր նաև հանրության հավանությանը: Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան A խմբի փառատոնների շարքում «East of the West» մրցութային ծրագրի շրջանակում կայացել է այս տարվա հուլիսին Կարլովի Վարի փառատոնում: «Փարաջանով»-ը հայ հանդիսատեսի դատին առաջին անգամ ներկայացվեց 2013թ. հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնում' հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնի փակմանը հատուկ ցուցադրմամբ: Բացի այդ, Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմն այս տարվա «Հայակ» մրցանակաբաշխության ֆավորիտն էր: Կինոնկարը ստացավ 4 մրցանակ' հաղթելով «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն նկարիչ» անվանակարգերում: