Քննչական կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու համար Աղվան Հովսեփյանը պետք է նորակառույց նստավայրում աշխատի
АналитикаՄի քանի ամիս առաջ Կառավարության որոշմամբ նորաստեղծ Քննչական կոմիտեին, որպես վարչական շենք հատկացվեց Երևանի Մամիկոնյանց փողոցի 46/5 հասցեում գտնվող շենքը:
Կառավարության նախորդ նիստում որոշվեց նոր ձևավորված ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել 1 մլրդ 80 մլն դրամ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նշված գումարը Քննչական կոմիտեին տրվեց 2014 թվականի ընթացքում բնականոն աշխատանքն ապահովելու համար:
Բանից պարզվում է, որ սա չի բավականացնում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ նորաստեղծ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:
Վարչական շենքը վերանորոգվում է, իսկ շենքի բակում նոր շինարարության սկիզբ է դրվում:
«Ժամանակ» թերթի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ նոր շինությունը լինելու է Աղվան Հովսեփյանի նստավայրը:
Հիմա ինչ-որ չափով հասկանալի է դառնում Կառավարության շռայլությունը՝ 1մլրդ 80 մլն դրամը հատկացվում է Քննչական կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու համար, այն էլ 2014-ի ընթացքում: Հետևաբար՝ Քննչական կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու համար Աղվան Հովսեփյանը ոչ թե պետք է վարչական շենքի աշխատասենյակում աշխատի, այլ հատուկ ու առանձին, նորակառույց ու շքեղ նստավայր ունենա: Դե մարդ ես, հնարավոր է մի օր էլ ՀՀ քննչական կոմիտեի դուռը համբուրելու առիթ լինի...
Բեթղեհեմ Արաբյան