Ղուկաս Սիրունյանը զուլալ գրիչ ուներ. գրողներն ու ընկերները՝ բանաստեղծի մասին
КультураԿյանքի 68-րդ տարում վախճանվել է Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 3-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
«Նա բանաստեղծ էր, որի ստեղծագործութունները դեռ ուսանողական տարիներից տպագրվում էին տարբեր ամսագրերում: Սիրունյանն իր ուրույն աշխարհը բերեց հայ գրականություն. գրում էր հայկական բնանկարի, պատմության, կորուսյալ հայրենիքի, ժամանակակից կյանքի մասին` օգտագործելով մեր լեզվի հարուստ գանձարանը: Ցավալի է, որ նա մեզ հետ չէ: Ղուկաս Սիրունյանը կմնա մեր գրականության պատմության մեջ»,- նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Անաղմուկ և մաքուր գոյություն էր: Սիրունյանը մեր գրականության մեջ ուներ իր ինքնատիպ հայացքը, իրեն հատուկ տողերը, իսկ բանաստեղծին հենց տողերով են ճանաչում: Նա ստեղծագործում էր նաև մանուկների համար. դա այլ նկարագիր է: Եթե պոետը նույնիսկ տարիքն առնելուց հետո շարունակում է հոգում մանուկ պահել, դա նրա արժեքը կրկնակի է դարձնում»,-ասաց գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը և հավելեց, որ կորուստ ունեցավ ոչ միայն մեծահասակների, այլև մանուկների համար նախատեսված գրականությունը:
«Նրա բանաստեղծությունների մասին բազմիցս գրել եմ: Նրա գործերում կար հանգստություն, հովերգականութուն, փափկություն: Ինքնատիպ էր, սթափ ու իրատեսական հայացքներով լի: Կարծում եմ` մեր գրականությունը մեծ կորուստ կրեց»,-ընդգծեց բանաստեղծ Հակոբ Մովսեսը:
Ղուկաս Սիրունյանը ծնվել է 1949թ. դեկտեմբերի 18-ին Ուջան գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ):
1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել Սևանի Գեղամավան գյուղի դպրոցում,1972-1978 թվականներին աշխատել է «Աշտարակ» թերթի խմբագրությունում, 1978-1989 թվականներին՝ «Գարուն» ամսագրի պոեզիայի բաժնի վարիչ։ 1989-1992 թվականներին աշխատել է Հայաստանի մշակույթի ֆոնդում, 1992-1993 թվականներին՝ ռադիոհեռուստապետկոմի մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր, 1993-1994 թվականներին՝ «Ազատամարտ» թերթում, 1996-1997 թվականներին՝ Արագածոտնի մարզային «Կանթեղ» թերթում, 1997-1998 թվականներին՝ «Պարտեզ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր։ 1998-2010 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչության գլխավոր խմբագիրը։
Գրել է մեծերի և մանուկների համար։ Թարգմանվել է մի քանի լեզուներով։ Գրել է նաև կինոսցենարներ։ Հեղինակ է ավելի քան 23 գրքերի։
1988թ. «Աստղածաղիկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։ 2007թ. «Ուշացած կապիկներ» վեպի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակի: Իսկ 2011թ. «Տառափնջիկ» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։