Հայաստանի ազգային գրադարանը վերջին տարիներին մի շարք ձեռքբերումներ է ունեցել
КультураՀայաստանի ազգային գրադարանի օրվա կապակցությամբ գրադարանում ցուցահանդես բացվեց, պատվոգրեր հանձնվեցին 12 գրադարանավարների, տեսաֆիլմի միջոցով տարբեր հրատարակչությունների տնօրեններ, Հայաստանի գրողների միության նախագահը և այլք շնորհավորեցին գրադարանին:
«Սա ազգային գրադարանի աշխատակիցների մասնագիտական տոնն է, և անհրաժեշտ է նրանց գնահատել ու շնորհավորել: Կարևորում եմ այս օրը ու կարծում, որ մենք սերունդների համար մեծ աշխատանք ենք կատարում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Նրա խոսքով`սա եզակի կառույց է, և դրա հիմնական ու ամենակարևոր գործառույթն աշխարհում հայերեն տպագրված գրքերն ի մի բերելն ու սերունդներին փոխանցելն է:
«Պետք է ընդգծեմ, որ վերջերս գրապալատը ձուլեցին ազգային գրադարանին, և այնտեղի անձեռնամխելի հավաքածուները մեզ մոտ են տեղափոխվել. դրանք պաշտպանված առանձին սենյակում են: Նշեմ, որ մենք ձեռք ենք բերում նաև ներկայումս հրատարակվող հայ ժամանակակից, ինչպես նաև արտասահմանցի գրողների ստեղծագործությունների օրինակներ»,-ասաց Զարգարյանը:
Նա նաև մեծ ձեռքբերում համարեց վերջերս բացված «Գրատպության թանգարան»-ը:
«Ամեն տարի նոր ձեռքբերումներով ենք նշում այս օրը, պատվոգրեր ենք հանձնում գրադարանավարներին ու սրտանց շնորհավորում նրանց»,-շեշտեց Ազգային գրադարանի միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը և հավելեց, որ գրադարան են այցելում տարբեր սերունդների ներկայացուցիչներ ու հատկապես շատ են երիտասարդները, ուսանողները. դա խոսում է այն մասին, որ հետաքրքրությունը գրքի նկատմամբ չի մարել:
Գրադարանի հարուստ գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», առաջին պարբերականը` «Ազդարարը», առաջին տպագիր քարտեզը` «Համատարած աշխարհացոյցը»:
Գրադարանի հավաքածուն 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 6,3 մլն հաշվառային միավոր: Դրանք գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, պլակատներ, ատենախոսություններ, նոտաներ, բացիկներ, նամականիշներ, օրացույցներ, մատենանիշներ, թղթադրամներ, տեսալսողական և էլեկտրոնային (CD, DVD) կրիչներ են:
ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանիազգային գրադարանը:
1925-1990 թթ. գրադարանը կրել է նշանավոր պետական և հասարակական գործիչ Ալ. Մյասնիկյանի անունը, իսկ 1990 թ. վերանվանվել է Հայաստանի ազգային գրադարան: Հիմնադրման 150-ամյակիառթիվ գրադարանը 1982 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով:
Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում: Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939 թ.): Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են ԽորհրդայինՀայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը: Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին` այս անգամ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:
Տարբեր տարիներին գրադարանի ընթերցողներ են եղել հայ անվանի գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ ՎիկտորՀամբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդուարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ:
Օրական շուրջ 900 ընթերցող է այցելում գրադարան: Տարվա ընթացքում օգտվողներին տրվում է 1,5 մլն միավոր գրականություն: