Խոստումների «պերեդոզն» ու սպասվող հիասթափությունը
АналитикаLraber.info-ն գրում է.
Հայաստանում բարեփոխումների երկու հիմնական ընկալում կա
1 Կամաց-կամաց, առանց անկանխատեելի քայլերի ու ռիսկերի, առանց ինչ-որ մարդկանց շատ նեղացնելու, ներսի ու դրսի բոլոր շահագրգիռ սուբյեկտների հետ խաղարկելու գնալ ինչ-որ փոփոխությունների, խուսափել հեղափոխական մեթոդներից, որդեգրել հեղփոխականություն բացառապես հռետորաբանության մակարդակում:
2 Կուլակաթափել, դատել, հարուստներից փողը վերցնել տալ աղքատներին
Երկու ընկալմումներն ունեն երկու սուբյեկտներ: Առաջին դեպքում սուբյեկտն իշխանությունն ու էլիտան է: Երկրորդ ընկալման սուբյեկտը ՝ հասարակությունն ու ընդդիմադիր ուժերի այն հատվածը, որոնք վերնախավի քաղաքական և տնտեսական բարիքներից չեն օգտվում. այս դեպքում նաև ոչ համակարգային ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության դիրքերից հանդես եկող ակտիվիստական խմբերը:
Երկու ընկալման հիմքն էլ նույնն է ՝ կա մեծ անվստահություն իշխանության և հասարակության միջև, որը գնալով խորանում է: Սա հրաշալի զգում է իշխանությունը: Սա ցավալիորեն է տանում հասարակությունը՝ արտագաղթում է կամ դառնում ռադիկալ տրամադրված: Արդյունքում ստեղծվում է փոփոխությունների պահանջարկ, այդ պահանջարկը ավելցուկային, ֆանտաստիկայի հասնող (Հայաստանը դարձնենք Ավստրիա) ու հաճախ ինքնանպատակ է դառնում և չնայած իշխանություն-հասրակություն բարյերին, ուղղակիորեն ազդում է նաև իշխանության վրա, հատկապես Սասնա ծռերի դեպքից հետո:
Այս երկու ընկալումների և դրանք գեներացնող սուբյեկտների հակադրության արդյունքում ստեղծվում է հետևյալ պատկերը:
- Հեղափոխական հռետորաբանություն, որ նպատակ ունի բավարարել հասարակության բեկումնային պահանջները կամ գոնե համապատասխանել դրանց
- Բարեփոխումների դանդաղ, զգուշավոր փորձեր, վերադասավորումներ, բովանդակային, բայց ոչ մեթոդաբանական փոփոխություններ
Իշխանությունները այս պահին անում են այն, ինչի պահանջարկը ստեղծվել է իրենց ոչ թափանցիկ, անարդյունավետ աշխատանքի և հասարակություն-ընդդիմություն հատվածի տարիներ շարունակ գեներացրած դիսկուրսի և թիրախավորված խնդիրների հետևանքով:
Հիմա այդ նույն մաքսիմալիստական դիսկուրսը իշխանությունն ինքն է գեներացնում և կրկին հասարակական ակնկալիքների չափաբաժինը խորացնում: Այդ ակնկալիքների տակից դուրս գալ հնարավոր չի լինելու: Հասարակության հոգու ճիչը բավարարելու համար էլիտան ինքնախարազանման չի գնա:Կուլակաթափությունը բացի մեկշաբաթյա հոգեկան էյֆորիայից, որևէ արդյունավետություն չունի որևէ մեկի համար: Ակնկալիքների տակից դուրս գալ չեն կարող, նաև այն պատճառով, որ չկա դրա համար նպաստավոր արտաքին քաղաքական և տնտեսական իրավիճակը: Այնպես, որ, չբացառելով որոշակի փոփոխությունների հավանականությունն ու նոր կառավարության պրոֆեսիոնալիզմն ու ազնիվ մղումները, առաջիկայում մեր հասարակությանը սպասվում է ակնկալիքների հերթական ճգնաժամը, հերթական մեծ հիասթափությունը: Եվ այս անգամ այդ հիասթափությունը լինելու է ոչ թե մեծ-մեծ խոսող ընդդիմությունից, այլ ընդդիմադիր-ժողովրդական դիսկուրսը որդեգրած իշխանություններից:
Արտակ Ասլանյան