Ծովագյուղում կատարվել է հնդկացորենի 111 հեկտար ցանք եւ 45 հեկտար կրկնացանք
ЭкономикаԳեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ավարտվել է հնդկացորենի ցանքը, որը կատարվել է 111 հեկտարի վրա:
Ինչպես տեղեկացրեց Ծովագյուղում գործող «Արծափ-Հնդկացորեն» կոոպերատիվի նախագահ, հնդկացորենի վերամշակման գործարանի տնօրեն Արտաշ Խալաֆյանը, կոոպերատիվը բարձրորակ սերմացու է տրամադրել նաեւ մարզի այլ համայնքների գյուղացիական տնտեսություններին:
Սակայն ցանքերի մի մասը լրջորեն տուժել է հունիսի 22-ին տեղացած կարկտից, որից հետո կոոպերատիվը հարկադրված է եղել կրկնացանք կատարել:«Կարկուտը մոտ 45 հեկտարի վրա լրջորեն վնասեց հնդկացորենի նորածիլ արտերը: Ստիպված եղանք կրկնացանք կատարել ամբողջությամբ, քանի որ ակնկալվող արդյունքը գրեթե զրոյական էր:
Փոխհատուցում ստանալու ակնկալիքով դիմել ենք կառավարություն»,- ներկայացրեց Արտաշ Խալաֆյանը: Նրա հավաստմամբ՝ եթե այս տարվա ընթացքում կոոպերատիվը կարողանա կառավարության կողմից ցածր տոկոսադրույքներով վարկավորում ստանալ եւ լուծել առաջնահերթ խնդիրներ՝ կոմբայնի եւ պարարտանյութի ձեռքբերում, պահեստային մասի կառուցում, ապա եկող տարում Ծովագյուղում հնդկացորենի ցանքերը կհասցվեն մինչեւ 400 հեկտարի: