Զոհվածի ևս մեկ մարմին է հայտնաբերվել խորտակված «Սևոլ» լաստանավում
Զոհվածի ևս մեկ մարմին է հայտնաբերվել «Սևոլ» լաստանավի կորպուսում, որն ապրիլի 16-ին խորտակվել էր Դեղին ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին Չինդո կղզում հայտնել է նավի կործանման վայրում որոնողական աշխատանքների անցկացման հարցերով զբաղվող կառավարական շտաբի ներկայացուցիչը:
Վերջին անգամ փրկարարները զոհվածի մարմին էին գտել շուրջ հարյուր օր առաջ: Մարմինը հայտնաբերվել էր ավելի քանի 30 մետր խորության վրա գտնվող նավի չորրորդ տախտակամածի վրա:
Այսպիսով, այդ ողբերգության զոհերի թիվը հասել է 295-ի, ևս ինը հոգի համարվում է անհայտ կորած: 6825 տոննա տարողությամբ լաստանավը խորտակվել է ապրիլի 16-ին Չինդո կղզու մերձակայքում՝ մերձարևադարձային Չեդժուդո կղզի-առողջարան տանող ճանապարհին: Վթարից անմիջապես հետո հաջողվել է փրկել 174 մարդու: Զոհվածների մեծ մասն Անսան քաղաքի դպրոցականներ էին, որոնք ծովային ճամփորդություն էին կատարում:
Ավելի վաղ Կորեայի Հանրապետության գլխավոր դատախազությունը հրապարակել է «Սևոլ» լաստանավի կործանման պատճառների հետաքննության արդյունքները, որոնց հիման վրա պատասխանատվության է ենթարկվել 399 մարդ, նրանցից 154-ը կալանքի տակ են:
Դատախազությունը եկել է այն եզրակացության, որ ողբերգությունը տեղի է ունեցել ծովում անվտանգության կանոնները չպահպանելու, նավը վարելու ընթացքում ոչ պրոֆեսիոնալ գործողությունների և տեղական ծառայությունների անփութության պատճառով: Վթարի գլխավոր պատճառ է դարձել «Սևոլ»-ի սեփականատեր Յու Բյոն Օնի կողմից անվտանգության կանոնների խախտումը: Լաստանավը գերբեռնված է եղել. բացի ուղևորներից, նավը տեղափոխում էր ինքնաթափեր ու բեռնատարներ, որոնք հարկ եղած ձևով ամրացված չէին:
Ինչպես պարզվել է, Ճապոնիայում ձեռք բերված նավի վրա հետագայում ուղևորների համար կառուցվել էր երկու տախտակամած: Դա էլ հենց հանգեցրել է այն բանին, որ ծանրության կենտրոնի տեղաշարժվելու հետևանքով «Սևոլը» շրջվել է:
Մեղավոր են ճանաչվել նավի հրամանատարը և անձնակազմի անդամները, որոնք, դատախազության որոշման համաձայն, լաստանավը կառավարելիս թույլ են տվել անփութություն: Ուղևորներին փրկելու և տարհանման գործողություն անցկացնելիս խախտումներ թույլ տալու համար պատասխանատվության են ենթարկվել առափնյա պահպանության ծառայությունների չորս աշխատակիցներ:
Մեղադրող կողմը պահանջում է մահապատժի դատապարտել «Սևոլ» լաստանավի հրամանատարին: Անձնակազմի երեք այլ անդամների համար մեղադրողները պահանջել են ցմահ բանտարկություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: