Ի՞նչ կրակոց. չենք լսել
АналитикаArmenia24.info-ն գրում է.
Ուշագրավ հայտարարություններով է հանդես գալիս ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։ Մեկ անգամ չէ, որ նա «հիացրել» է իր մտքի գոհարներով։ Շատ հաճախ, այս պաշտոնյան փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ։ Իսկ նրա կողմից արտահայտած մտքերը, չեն տեղավորվում ֆանտաստիկայի որևէ ժանրի մեջ, դրանով դառնալով ավելի ծիծաղելի։ Նա նորից աչքի ընկավ, հայկական լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցով։
Գիտեք, եթե նույն մտքերն արտահայտեր Վահան Բադասյանը, կասեինք նորմալ է։ Մարդը պետական բարձր պաշտոնյա չէ, իսկ իր ասածների համար էլ պատասխանատվություն կարծես թե չի կրում։ Այս պնդման հիմք կարող է հանդիսանալ նրա աղմկահարույց հայտարարությունը և առերեսումը ՀՔԾ քննիչների հետ։
Սակայն վերադառնանք մեր օրվա հերոսին՝ Դավիթ Բաբայանին։ Տրամաբանական էր, որ որպես բարձր պաշտոնյա, պարոն Բաբայանը պետք է նշեր, որ արցախյան կողմը որևէ կապ չունի սպանված երկու ամյա երեխայի հետ։ Սակայն, ինչպես ասում են, նա մի քիչ չափն անցավ, պահանջելով միջազգային հետաքննություն։ Իսկ եթե այդ միջազգային հետաքննությունը լինում է և պարզվում է, որ երեխան մահացել է հայկական կողմի կրակոցների արդյունքում, ո՞վ է պատասխան տալու։ Իհարկե, այստեղ բնավ միտում չունենք արդարացնելու ադրբեջանցիների վաղուց որդեգրած քաղաքականությունը, համաձայն որի, նրանք իրենց կրակակետերը տեղադրում են գյուղերում, դրանով կենդանի թիրախ դարձնելով տեղի խաղաղ բնակչությանը։
Գալով հաջորդին, Բաբայանը չմոռացավ նորից դարակազմիկ մտքեր հնչեցնել Խոջալուի և 300000 ադրբեջանցիների արտագաղթի հետ կապված։ Սկսենք նրանից, որ Խոջալուում ինչ-որ բաներ եղել են։ Դա չի ասում տողերիս հեղինակը, այլ այդ մասին խոսում են տեղում եղածները, իսկ պատմության ֆակուլտետում դասավանդելիս, պնդել է նաև ներկայիս ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։ Սակայն թողնենք Խոջալուն իր տեղում և անդրադառնանք Բաբայանի ապշեցնող մտքին։
«Ադրբեջանական կողմն ունի հարուստ փորձ՝ սեփական բնակչությանը տանջանքների ենթարկելու և այն ներկայացնելու որպես հայական կողմի արարք։ Դա տեղի է ունեցել մասնավորապես Խոջալուում, երբ նրանք ինքնացեղասպանություն են իրականացրել, դա տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ որ 300․000 ադրբեջանցիներ, որոնք լքել են սահմանամերձ բնակավայրերը, նրանց տները թալանելիս նույն ադրբեջանական բանակի զինծառայողները, թուրքական ծայրահեղականները, իսլամական պետության գրոհայինները, եթե այնտեղ հանդիպում էին որևէ մեկի՝ նրանց բռնաբարում, սպանում էին և ներկայացնում որպես հայկական զոհեր»։
Ի՞նչ երեք հարյուր հազարի մասին է խոսում։ Ապրիլյան պատերա՞զմ։ Գոնե պաշտոնապես հայկական կողմն ընդունել է, որ այդ պատերազմի ընթացքում կորցրել ենք տարածքներ։ Բնակչությանը տարհանում են, երբ հակառակորդն է առաջ շարժվում։ Հայկական կողմը, գոնե չի հայտարարել դիրքերը մեկ սանտիմետր անգամ բարելավելու մասին։ Մնում է ենթադրել, որ նա խոսում է 1988-1990թթ. ընթացքում Հայաստանից տարհանված ադրբեջանցիների մասին։ Այդ դեպքում, պարոն Բաբայանի գիտելիքները պատմությունից, մեղմ ասած չեն փայլում։ Իսլամական պետություն չկար այդ ժամանակ ու հեռանկարում էլ չէր երևում։
Ինչևե, երբ շփվում ենք Արցախի տարբեր պաշտոնյաների հետ, ապա մեզ համար բացահայտում ենք, որ վերնախավում նույն համատարած տգիտությունն է, ինչ Հայաստանում։ Բացառություններ, իհարկե կան ամենուր։
Մարիա Պախուցկայա