Վաչե Գաբրիելյանը ԵԱՏՄ-ում Հայաստանի համար հսկայական չօգտագործված ներուժ է տեսնում
ЭкономикаՀայաստանի սպասումները ԵԱՏՄ-ից շատ բարձր էին: Այս մասին հուլիսի 6-ին Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիներն ամփոփելուն նվիրված միջոցառմանն ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրներին հանդիպող խնդիրներն ու արգելքները անհրաժեշտ է քննարկել՝ կոնկրետ առաջարկներ ու հետևություններ անելով:
«Հայաստանի ռեսուրսը ԵԱՏՄ-ին անդամակցելու տարիներին ընդլայնվել է, ներկրվող ապրանքների գները նվազել են։ Սակայն մի շարք ցուցանիշներ կան, որոնք վերաբերում են առկա պատնեշներին, տնտեսական աճին, առաջընթացին, որն այնքան էլ նկատելի չեն: Այդ ամենը պետք է քննարկել ու նշել ուղղությունները, որոնց շուրջ հարկավոր է աշխատել։ Կարող եմ ասել, որ գոյություն ունի հսկայական, դեռ չօգտագործված ներուժ»,- ասաց Գաբրիելյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ դեռ վաղ է խոսել, որ կան շատ ցածր միտումներ կամ ամեն ինչ ավարտված է՝ ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: