Մահացել է օպերային թատրոնի արտիստ Ռուբեն Կուբելյանը
Կյանքից հեռացել է օպերային երգիչ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երկարամյա արտիստ Ռուբեն Կուբելյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից, Կուբելյանը մահացել է հոկտեմբերի 28-ին: Թատրոնի ամբողջ անձնակազմը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, ընկերներին:
Օպերային երգիչ, տենոր Ռուբեն Կուբելյանը ծնվել է 1933 թվականի օգոստոսի 14-ին, Երևանում: Սովորել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, ապա' Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետում' Տ.Շահնազարյանի դասարանում: Աշակերտել է նաև օպերային երգիչ Պ.Լիսիցյանին: Եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար:
Հանդես է եկել շուրջ 50 օպերային ներկայացումներում Չայկովսկու «Իոլանտա», «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին», Վերդիի «Տրավիատա&raqu o;, «Օթելլո», Պուչինիի «Չիո Չիո-Սան», Բելինիի «Նորմա», Դոնիցետիի «Լուչա դե Լամերմուր», Բիզեի «Կարմեն», Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ», «Արքայադուստր», Տիգրանյանի «Դավիթ Բեկ», «Անուշ», «Ալմաստ», Խոլինովի «Լավատեսական ողբերգություն», Արմենյանի «Փլուզում», Բաբաևի «Արծվաբերդ», Չուխաճյանի «Արշակ Երկրորդ», Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ», «Ճանապարհ դեպի Էրզրում», Ջրբաշյանի «Գիքոր», Հախինյանի «Լեգենդի մարդը», Տերտերյանի «Երկրաշարժ» և այլն : Եղել է ՀԽՍՀ թատերական գործիչների միության անդամ: Դարձել է Հայաստանի երիտասարդ մեներգիչների 5-րդ փառատոնի դափնեկիր և արժանացել ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: