Վրաստանում «Բանանց»-ին կմիանա 2-3 նորեկ. Մալաքյան եղբայրների հարցը պարզ կդառնա այսօր
СпортԵրևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը պատասխանել է լրագրողների հարցերին իրանական «Փարս Ջոնուբի» Ջոմի դեմ ստուգողական հանդիպումից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանում կայացած խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի հաշվով:
- Շատ լավ խաղ էր, ամուր մրցակից էր՝ համալրված փորձառու ֆուտբոլիստներով: Որքան տեղեկացա, կային նաև հավաքականի նախկին ֆուտբոլիստներ: Առաջին կեսը բարդ ստացվեց, որովհետև բոլորովին տեղեկություն չունեինք մրցակցի մասին, դրա համար մի քիչ հետազոտելով և ավելի զգույշ էինք խաղում:
Երկրորդ կեսում որոշ փոփոխություններ կատարեցինք և խաղն ավելի լավ սկսեց ստացվել: Ունեցանք հակագրոհներ և երկու շատ վտանգավոր պահ: Մրցակցի ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին, բայց չէի ասի, որ նրանք վերահսկում էին խաղը: Խաղը մենք էինք վերահսկում, քանի որ մտածել էինք խաղալ հակագրոհներով: Ուղղակի պետք է օգտագործեինք մեր երկու պահերը և ավելի հեշտ կլիներ:
- Ինչպիսի՞ն է լինելու Մալաքյանների ճակատագիրը:
- Երևի թե վաղն ամեն ինչ պարզ կլինի, բայց մեծ է հավանականությունը, որ նրանք կմնան «Բանանցում»:
- Արդեն երկրորդ խաղն է, որ ավարտվում է 0:0 հաշվով: Կարծես՝ չլինի կենտրոնական եզրափակող հարձակվող կամ կան և վատ մարզավիճակում ենգտնվում: Չի՞ անհանգստացնում այդ փաստը:
- Իհարկե, անհանգստացնում է, որ գոլ չենք խփում, բայց պետք է հաշվի առնենք, թե որքան է թույլ տալիս մրցակիցը: Իրանական թիմն ամուր պաշտպանություն ուներ: Մեզ մոտ էլ այսօր կաղաց կատարողական վարպետությունը: Մի դրվագում Մալաքյանը մի փոքր ուշ հասավ գնդակին Ջոկովիչի փոխանցումից հետո, մյուս դրվագում հակառակը եղավ՝ Մալաքյանը շատ նուրբ և գեղեցիկ փոխանցում կատարեց, բայց Ալեքսանդրը սխալ որոշում կայացրեց և տեխնիկանան խոտան եղավ: Բայց ամեն դեպքում, այդ ուղղությամբ էլ կաշխատենք: Թիմը նոր է ձևավորվում և սկսել ենք պաշտպանությունից, բայց հարձակմանն էլ կհասնենք ու դրան մեծ ուշադրություն կդարձնենք հավաքի ընթացքում:
- «Բանանցի» մանկապատանեկան դպրոցի նոր պատասխանատու է նշանակվել Իլշատ Ֆայզուլինը: Ինչպիսի՞ն է լինելու նրա հետհամագործակցությունը:
- Հավաքից վերադառնալուց հետո ժողով կկազմակերպենք: Միանշանակ սերտ համագործակցություն է լինելու իմ և իր միջև: Հայաստանյան շատ բաներից հնարավոր է, որ նա դեռ տեղյակ չէ: Շատ հարցերում ես կօգնեմ: Պետք է ամեն ինչից տեղեկացված լինել, որպեսզի ճիշտ հունի վրա դնել ամեն ինչ:
- Վրաստանում հավաք եք անցկացնելու: Ո՞րն է լինելու նպատակը և արդյոք նորեկներ փորձարկվելու՞ են այնտեղ:
- Այո, կլինի մեկ կամ երկու նորեկ: Հավաքի գլխավոր նպատակը խաղերն են, այնտեղ կլինեն հիմնականում տակտիկական մարզումներ: Կրկին որոշ չափով կխաղանք ծանրաբեռնված ֆոնի վրա, որը հավաքի ժամանակ շատ կարևոր է, բայց հիմնական նպատակը ֆուտբոլիստների, օղակների համագործակցությունն է: Միայն մարզումներով չես կարող հասկանալ, թե ով ում հետ ինչպես կարող է համագործակցել: Ինձ համար այս խաղը հարյուր մարզում արժեր: Նման խաղերը ֆուտբոլիստներին ավելի են ուժեղացնում:
- Նորեկները ո՞ր դիրքի խաղացողներ են լինելու:
- Կլինի եզրային հարձակվող և կենտրոնական պաշտպան: Հնարավոր է նաև մեկ հարձակվող:
- Իրանական թիմի մարզիչը նշեց, որ ֆիզիկական թիմ է «Բանանցը»: Մրցաշրջանի այս պահի համար գո՞հ եք թիմի ֆունկցիոնալ վիճակից:
- Իհարկե: Մենք էլ, երբ խաղից հետո զրուցեցինք մարզչական շտաբով, նկատեցինք, որ 1-ից 90-րդ րոպեն թիմը թարմ էր: Պետք է նշել, որ իրանական թիմերի համար բնորոշ է լավ ֆիզիկական վիճակը: Եվ այն որ մենք չզիջեցինք, իսկ որոշ տեղերում էլ գերազանցեցինք, ինձ համար շատ ուրախալի է: Այս հատվածի համար նորմալ է, բայց դեռ պետք է ավելացնենք և ավելի թեթևություն կգա մրցաշրջանի ընթացքում: