ՄԻՊ-ն առաջարկում է խստացնել փաստաբանների լիազորությունների իրականցումը խոչընդոտելու քրեական պատասխանատվությունը
ОбществоՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշակել և շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է խստացնել փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու քրեական պատասխանատվությունը:
Ազգային ժողովում «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քննարկման արդյունքների հիման վրա մշակվել և շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է քրեական օրենսգիրքը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ պաշտոնատար անձից բացի կհամարվի ցանկացած այլ անձ, ով խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունն առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման»,- ասաց օմբուդսմենը:
Առաջարկվում է նաև պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով:
Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:
«Ի վերջո, փաստաբանի իրավական պաշտպանությունը պատահական չէ, այն ուղղված է վստահորդին պատշաճ իրավաբանական օգնություն տրամադրելուն»,-նկատեց նա: