Ռումինական Դումբրավենում կայացել է ամենամյա մշակութային փառատոնը
КультураՌումինիայի Դումբրավեն քաղաքում հուլիսի 7-ից 9-ը անցկացվել է Դումբրավենի մշակութային փառատոնի 4-րդ թողարկումը, որը կազմակերպել էին Դումբրավենի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը՝ Ռումինիայում ՀՀ դեսպանի հովանու ներքո:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Փառատոնին ներկա էին և ողջույնի ու գնահատանքի խոսքերով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Դումբրավենի քաղաքապետ Էմիլ Դարլոշանը, փառատոնի կազմակերպիչներից դոկտոր Վասիլե Հաբորը:
Փառատոնին ներկա էին նաև հյուրեր անձիք մայրաքաղաք Բուխարեստից, Կլուժից, նահանգային կենտրոն Սիբիուից, Դումբարվենի մերձակայքից և Ռումինիայի Հայոց միության ղեկավարներ և ներկայացուցիչներ Բայա Մարեից, Ռոմանից, Թըրգու Օկնայից ու այլ վայրերից:
Փառատոնի շրջանակներում Դումբարվենի 300-ամյա հայ կաթողիկե Սբ. Եղիսաբեթ տաճարում վոկալ և գործիքային համերգային կատարումներով հանդես եկան հանրահայտ խմբեր և մենակատարներ, այդ թվում ’’Ad Libitum Voices’’ վոկալ խումբը և ’’Cellissimo’’ թավջութակահարների հռչակավոր կվարտետը, հնչեցին Հենդելի, Հայդնի, Շումանի, Շուբերտի, Վագների, Ռիմսկի-Կորսակովի, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորներ Դավիթ Պոպի և Պյացոլայի ու այլոց ստեղծագործություններ: Դումբարվենի մշակույթի տանը դասական համերգ-դասախոսությունով հանդես եկան հռչակավոր դաշնակահար Հորիա Միհաիլը և թավջութակահար Ռազվան Սուման:
Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում, կայացավ նկարիչ Իոն Անգելի դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը և «Բարոկկո արվեստը Տրանսիլվանիայում» սիմպոզիումը, ուր ելույթ ունեցան ռումին հայտնի գրող և նկարիչ դոկտ. պրոֆ. Գեորգե Անգելը և արվեստաբան Միրչա Օլիվը:
Փառատոնի մասնակիցների և հյուրերի համար հայկական ավանդական խոհանոցը ներկայացրեց Պաուլ Հակոբյանը:
Դումբրավենի մշակութային փառատոնի վերաբերյալ մի շարք արձագանքներ եղան ռումինական ԶԼՄ-ներում: