Մոուրինյո. Անհամբերությամբ եմ սպասում Լուկակուի հետ աշխատելուն
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի նորեկ Ռոմելու Լուկակուի տեղափոխության մասին:
«Լուկակուն ամբողջությամբ պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալուն: Ռոմելուն մեծ ֆուտբոլիստ ու իսկական անհատականություն է: Իհարկե, նա ցանկանում է կարիերան ավարտել ամենամեծ ակումբում: Նա հրաշալի համալրում կլինի թիմում: Գիտեմ, որ խաղացողները լավ կընդունեն նրան: Անհամբերությամբ եմ սպասում Լուկակուի հետ դարձյալ աշխատելուն»,- մարզիչի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Լուկակուն ու Մոուրինյոն միասին աշխատել են Լոնդոնի «Չելսիում», որտեղ բելգիացի հարձակվողին չէր հաջողվել դառնալ առանցքային խաղացող: Անգլիական «Էվերտոնից» տեղափոխված 24-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: «Մանչեսթեր Յունայթեդում» նա հանդես կգա 9 համարի մարզաշապիով, որով անցած մրցաշրջանում հանդես էր գալիս ազատ գործակալի կարգավիճակ ստացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Բրիտանական մամուլի համաձայն՝ Լուկակուի տրանսֆերը կազմել է 75 միլիոն ֆունտ ստերլինգ: Անգլիայի ավարտված առաջնությունում հարձակվողն «Էվերտոնի» կազմում մասնակցել է 37 խաղի եւ դարձել 25 գոլի հեղինակ: Նա 2013 թվականից էր հանդես գալիս «Էվերտոնում»: