«Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական-երաժշտական ֆիլմը կներկայացնի Երևանի պատմությունը
Культура«Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական-երաժշտական ֆիլմը հայ հանդիսատեսի դատին կներկայացվի հուլիսի 14-ին: Այս մասին հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ֆիլմի ռեժիսոր Տատյանա Դանիելյանցը:
«Այս ֆիլմը նվիրված է Երևանին: Ֆիլմը մյուզիքլ տարբերակով է, և երաժիշտների ձայնով կներկայացվի Երևան քաղաքի պատմությունը»,- ասաց Դանիելյանցը:
Նա նշեց, որ ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է ապրիլին: Այն ցուցադրվել է ավելի քան 20 էկրաններով, և որևէ բացասական կարծիք ռուս հանդիսատեսի կողմից դեռ չի ստացել:
Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Ֆորշը, Ջիվան Գասպարյանը, Լիլիթ Պիպոյանը, Միքայել Ոսկանյանը, Մալխասը, Արտո Թունջբոյաջյանը և այլք:
Երգահան Լիլիթ Պիպոյանը համոզված է, որ ֆիլմը լավ է ստացվել: Նա ընդգծեց, որ Երևանի մասին պատմող այդպիսի հաջողված ֆիլմ առաջին անգամ է տեսնում:
«Ֆիլմը ներկայացված է գեղարվեստական գեղեցիկ ոճով, հնչում է ճաշակով երաժշտություն: Տատյանան նկարահանման ընթացքում մեզ խնդրում էր ցույց տալ Երևանում մեր սիրելի վայրերը: Ես, չնայած երկար ժամանակ ապրում եմ Թումանյան փողոցում, ցույց տվեցի Երրորդ մասը, որովհետև այնտեղ պահպանվել է Երևանի հին կոլորիտը»,-ասաց Պիպոյանը:
Ֆիլմի պրեմիերայից հետո Մոսկվա կինոթատրոնի հարակից հրապարակում տեղի կունենա ֆիլմի գլխավոր հերոսների մասնակցությամբ համերգ: Համերգը կազմակերպելու գաղափարն առաջարկել է Մալխասը: Համերգին կմասնակցեն ֆիլմի գլխավոր հերոսներից 4-ը՝ Ֆորշը, Լիլիթ Պիպոյանը, Միքայել Ոսկանյանը և Մալխասը: