Առաջին հինգ ամիսներին տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայիսին. այն կազմել է 8.9 տոկոս
Экономика2017 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում գրանցվել է 6.4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Ինչպես Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամ Աշոտ Թևիկյանը, 2017 թվականի մայիսը նշանավորվեց տնտեսական ակտիվության արագացված աճի տեմպերով՝ մինչև 8.9 տոկոս՝ համեմատած 2016 թվականի մայիսի հետ:
«Նման ցուցանիշներում մեծ է հատկապես արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը, որի ծավալն աճել է 14,4 տոկոսով: Առևտրի շրջանառության ոլորտում աճը կազմել է 12.8 տոկոս, այդ թվում՝ մանրածախ առևտրաշրջանառության հավելաճը մայիսին 2016-ի նույն ամսվա հետ համեմատ կազմել է 9.5 տոկոս»,-ասաց տնտեսագետը:
Ծառայությունների ոլորտում աճը կազմել է 11 տոկոս: Նման աճին զգալի աջակցություն է ցուցաբերել տարեսկզբից արձանագրված բեկումը Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող տրանսֆերտների դինամիկայում:
Ըստ Կենտրոնական բանկի` տրանսֆերտները, դոլարային արտահայտությամբ, 2017 թվականի մայիսին, 2016-ի նույն ամսվա հետ համեմատ, աճել են 41.5 տոկոսով: 2017 թվականի երկրորդ հատվածում ակնկալվում է, որ կպահպանվի տրանսֆերտների դրական դինամիկան, ինչը կշարունակի խթանիչ ազդեցություն թողնել սպառողական պահանջարկի և տնտեսական ակտիվության դինամիկայի վրա: