Մեծ պատիվ է գիտակցել, որ ամբողջ հայ ազգն ինձ հետ է. Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը Marca պարբերականին
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել իսպանական «Marca» պարբերականին:
-Լինելով հայ ամենահայտնի ֆուտբոլիստն աշխարհի մեծագույն ակումբներից մեկում՝ զգո՞ւմ ես հավելյալ ճնշում ամեն շաբաթ լավ հանդես գալու համար:
-Դա մեծ պատիվ է, սակայն նույն ժամանակ պատասխանատվություն: Պատիվ է իմանալ, որ ամբողջ ազգն ինձ հետ է, սակայն պատասխանատվություն է միշտ լավ ելույթ ունենալ՝ նրանց ոգին բարձր պահելու համար: Յուրահատուկ զգացողություն է տեսնել, թե ինչպես են մարդիկ հպարտանում քեզնով, սակայն երբ դաշտ եմ մտնում, կենտրոնանում եմ միայն խաղի վրա:
-Կարիճ հարվածը քո լավագո՞ւյն գոլն է: Կփորձե՞ս կրկնել այն:
-Կարիճ հարվածով գոլը լավագույնն է, սակայն իմ ամենակարևոր խփած գնդակը Եվրոպա լիգայի եզրափակչին է: Կարիճ հարվածը նախապես չէի ծրագրել: Այդ պահին միայն այդպես կարող էի հարվածել:
-Ի՞նչ ես սովորել Մանչեսթերում անցկացրած ժամանակ և ինչպե՞ս կարող ես բարելավել քո խաղը:
-Ամեն օր շարունակում եմ սովորել և չկան սահմանափակումներ առաջադիմելու համար: Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել, ինչպես դա արել եմ ամբողջ կարիերայիս ընթացքում:
-Ինչի՞ կարող է հասնել «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկող մրցաշրջանում:
-Մեր նպատակն է հաղթել ամեն խաղում, և հույս ունենանք այդպես էլ կլինի բոլոր մրցաշարերում: Չեմպիոնների լիգան մեր թիմի ԴՆԹ-ում է: «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգան է և Չեմպիոնների լիգան «Մանչեսթեր Յունայթեդն» է:
-Ի՞նչն է քո անձնական ամբիցիան 2017-2018 մրցաշրջանում:
-Որպես խաղացող, անհատ, ունեմ իմ ամբիցիաները: Սակայն ժամանակն է շնորհակալություն հայտնել ակումբի երկրպագուներին այն ամենի համար, ինչ նրանք մեզ տվել են: Միշտ կանեմ առավելագույնը, ինչ կարող եմ:
-Մտադի՞ր ես մասնակցել Հայաստանում ֆուտբոլային ակադեմիայի զարգացմանը:
-Մտածել եմ այդ մասին և կցանկանամ հետագայում սովորեցնել հայ երեխաներին իմ ֆուտբոլային փիլիսոփայությանը: