Հայկական ֆուտբոլային հեքիաթն ավարտվեց դեռ չսկսված
АналитикаLraber.info-ն գրում է.
Ալաշկերտ-Բատե հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով: Ալաշկերտն ավելի լավ խաղաց Երևանում, բայց պարտվեց: Սակայն, ամեն ինչ սկսվում էր ոչ այդքան վատ մեր թիմի համար:
Առաջին խփած գոլից հետո Ալաշկերտի գործողություններում նվիրումը չպակասեց, բայց միգուցե առաջին գոլի գայթակղությունն ու ֆուտբոլասերներով լցված մարզադաշտի ցնծությունը տղաներին շփոթմունքի մեջ գցեցին: Դրանից հետո մրցակիցը հերթով օգտվեց մեր բոլոր սխալներից:
Մեղադրել Ալաշկերտին բավարար նվիրումով չխաղալու համար ճիշտ չի լինի: Որովետև նվիրում կար մինչև վերջին պահը, երբ արդեն հոգնած վիճակում մեր ֆուտբոլիստները շարունակում էին վազել, պայքարել, գրոհել: Եվ եթե էմոցիաները մի կողմ դնենք ու փորձենք սառը նայել, ապա Ալաշկերտն ավելի շատ պարտվեց փորձի ու հասունության պակասի պատճառով: Իսկ մրցակիցը, որ ժամանակին նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլերում է հանդես եկել, կարողացավ դրսևորել այդ սառնասրտությունը:
Ալաշկերտի դարպասին երեք հարված է արվել, երեքն էլ գոլ: Թե ինչպես եղավ երրորդ գոլը՝ տեսանք բոլորս, դարպասապահի ինքնավստահ ու չհավասարակշռված խաղ: Սա արդեն ոչ թե որակների կամ պոտենցիալ, այլ փորձի պակասն է: Ամեն դեպքում, երկար ժամանակ որևէ հայկական ակումբ այսքան իրարանցում չէր առաջացրել իր շուրջ և այս իմաստով երեկվա խաղը ֆուտբոլային տոն էր մարզասերների համար: Հասկանալով հիաթափության զգացումը, ամեն դեպքում փորձենք մատնանշել մի քանի խնդիրներ:
* երկրպագուների առկայությունը թիմերը զգում են միայն նմանատիպ խաղերի ժամանակ,այնինչ առաջնության ընթացքում երկրպագուները սակավամարդ են և թիմերը սովորում են խաղալ լռության մեջ: Հանկարծահաս ոգևորությունն ու թնդացող մարզադաշտն իհարկե ոգևորիչ են, բաց միաժամանակ անսովոր ու ռիսկ կա, որ ֆուտբոլիստները այլևս կսկսեն խաղալ միայն բնազդներով: Հայկական թիմերին պետք է սովորեցնել մարզասերների ներկայությանը, իսկ թիմերի ղեկավարությունները պետք է ջանքեր թափեն իրենց ֆան ակումբների կայացմանն օժանդակելու ամար
* Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կա վեց թիմ: Վեց թիմերից միայն երեքն են պայքարում չեմպիոնության համար: Մյուս երեքը փորձում են գոյատևել: Այս պարագայում շատ դժվար է Ալաշկերտի համար ՝ որպես չեմպիոն փորձ ձեռք բերել: Ամեն դեպքում, հույս հայտնենք, որ այս տարվա փորձությունը դաս ու մեծ փորձառություն կդառնա Ալաշկերտի ու մեր մյուս թիմերի համար:
Արտակ Ասլանյան