Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,1 տոկոսով
ЭкономикаՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-մայիսին 6,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում:
Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի համախառն ծավալը աննշան անկում է գրանցել՝ 1.4 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-մայիսին ցուցանիշը 5.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017 թ. հունվար-մայիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 10.9 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսը 2017 թվականի հունվար-մայիսին ավելացել է 0,5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.8 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունն ավելացել է 12.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 12.4 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,3 տոկոսով (187 հազար 322 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 156 հազար 468 դրամ` նվազելով 0.8 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 225 հազար 347 դրամ` աճելով 1.9 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2017 թ. հունվար-մայիսի համեմատ աճել են 24 տոկոսով (2 մլրդ 815.1 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 21 տոկոսով (993,9 մլն դոլար), իսկ ներմուծումը` 25,8 տոկոսով (1 մլրդ 821.2 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մայիսին եղել է 484.57:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: