Երեւանում մեկնարկող Համամիութենական մարզական խաղերին կմասնակցեն 1250 մարզիկներ
Спорт1250 մարզիկ 19 երկրից 9 մարզաձեւում հուլիսի 20-29-ը Երեւանում կմասնակցի Համահոմենեթմենական (ՀամաՀՄԸՄական) 10-րդ մարզական խաղերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց խաղերի կազմակերպիչ, համամիութենական հանձնախմբի անդամ Մանվել Մարսելյանը:
«Համահոմենեթմեն խաղերը միշտ անցկացվել են Հայաստանից դուրս: Բայց արդեն 3-րդ անգամ այն կկայանա մեր հայերնիքում, ինչի համար շատ ուրախ ենք: Մեզ այս հարցով աջակցում է Հայաստանի սփյուռքի նախարարությունը: Այսկերպ մենք սփյուռքահայությանը բերել են հայրենիք: Մարզախաղերի ընթացքում հետաքրքիր միջոցառումներ, բարեգործական ակցիաներ ենք իրականացնելու: Մարզիկներն այցելելու են մանկատներ, զորամասեր: Այսօր Նուբարաշենի զորամաս են այցելելու, վաղը Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ակադեմիա: Մանկատներ գնալու ենք հաջորդ շաբաթ: Հայաստան ժամանած մարզիկները նվերներ ունեն մանկատների երեխաների համար:
Համամիութենական 10-րդ խաղերն ամենամեծն են Խաղերի պատմության մեջ: Ունենք շուրջ 1300 մասնակից աշխարհի տարբեր երկրներից: Թիմային մարզաձեւերում ընդգրկված են 66 թիմեր, որոնք կպայքարեն բասկետբոլում, ֆուտբոլում եւ վոլեյբոլում: Ֆուտբոլն առաջին անգամ է ընդգրկվել խաղերի ծրագրում: Շատ են նաեւ անհատական մարզաձեւերի մասնակիցները: Կարծում եմ՝ հետաքրքիր պայքար ու մարզական տոն կլինի այս օրերին Երեւանում: Այս տարվա Խաղերը նվիրված են Հոմենեթմենի 100-ամյակին»,- մանրամասնեց խաղերի կազմակերպիչ Մանվել Մարսելյան:
«Խաղերի բացումը կայանալու է հուլիսի 22-ին Հանրապետության հրապարակում, բայց մրցումային ծրագիրն արդեն սկսվել է: Մարզախաղերն ավանդական են, կազմակերպում ենք յուրաքանչյուր 4 տարին մեկ: Վերջին 3 մարզախաղերը տեղի են ունենում հայրենիքում, ինչը շատ կարեւոր է Խաղերի մասնակից յուրաքանչյուր սփյուռքահայ մարզիկի համար: Խաղերը կենտրոնացված են Երեւանում, միայն աթլետիկա մարզաձեւի մրցումները կկայանան Արտաշատում, քանի որ Երեւանում մարզադաշտ եւ վազքուղի չունենք: Իսկ Հայաստանում այս պահին միայն Արտաշատի մարզադաշտն է»,- ասաց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության պատասխանատու Դավիթ Հակոբյանը:
Նշենք, որ համամիութենական խաղերի մասնակիցներն իրենք են հոգում Հայաստան գալու ծախսերը: Ինչպես նշեց Դավիթ Հակոբյանը, մարզիկներն ունեն Խաղերին մասնակցելու հատուկ պարտականություններ, որոնցից մեկն էլ նաեւ վճարումն է:
«Խաղերի բյուջեն ինքնաբավ է: Կազմակերպության ներսում Խաղերի ընդհանուր ծախսերը բաժանված է մասնակիցների մեջ: Յուրաքանչյուր մարզիկ, եթե ցանկանում է մասնակցել խաղերին, վճարում է հատուկ նախանշված գումար, որից էլ գոյանում է մարզախաղերի բյուջեն»,- նշեց Դավիթ Հակոբյանը:
Լուսինե Շահբազյան