ՀՀ ոստիկանությունը կոչ է անում տհաճ միջադեպերով չխաթարել Վարդավառը
ОбществоՀՀ ոստիկանությունը կոչ է անում տհաճ միջադեպերով չխաթարել Վարդավառը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook կայքի իր էջում, մասնավորապես, գրել է. «Հուլիսի 23-ին Վարդավառ է՝ մեր ժողովրդի սիրած ու ավանդական տոներից մեկը, որ խորհրդանշում է տարեպտույտ, կյանքի նորացում, սեր, նաև՝ փոխադարձ հարգանք ու հոգածություն միմյանց հանդեպ:
Ցավոք, մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսևորում այդ հարգանքն ու հոգածությունը: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսևորումներով փոխարինելու, մարդկանց անհանգստություն և անհարմարություն պատճառելու դեպքեր։
Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել բարեկրթություն, տհաճ միջադեպերով չխաթարել տոնը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում»: