Սասնա ծռերն ու Սամվել Բաբայանը. ումի՞ց է ավելի շատ վախենում Սարգսյանը
АналитикаLraber.info-ն գրում է.
Սամվել Բաբայանի գործով դատավարությունը կսկսվի մոտ օրերս: Մեղադրանքի համաձայն, Բաբայանը Հայաստան իգլա զինատեսակ է ցանկացել բերել: Ենթադրվում է, որ Իգլան նախատեսված է եղել ուղղաթիռ ոչնչացնելու համար: Դժվար չէ կռահել, թե ում ուղղաթիռն է աչքի տակ ունեցել Բաբայանը: Նմանատիպ մեղադրանքով ընթանում է դատավարություն նաև Վահան Շիրխանյանի և Նորքի զինված խմբի անդամների դեմ, որոնք ցանկացել են պետական շինություններ զավթել: Սրան զուգահեռ ընթանում է նաև Սասնա ծռերի գործով դատավարությունը:
Ի տարբերություն առաջին երկուսի, Սասնա ծռերի դատավարությունն ուղեկցվում է դատավարության մասնակիցների կողմից արվող սուր հայտարարութուններով, ոստիկանություն-քաղաքացիներ բախումով, փաստաբաններ-դատավոր բանավեճերով, մեդիայի և մամուլի ուշադրության ներքո և ֆեյսբուքյան թեժ քննարկումներով արտահայտվող գործընթացների տեսքով:
Սակայն, առաջին երկու գործերը, մանավանդ Բաբայանի դեմ մեղադրանքը, իրենց բովանդակությամբ ավելի ծանրակշիռ են ընդդիմադիր տրամադրությունների կոնտեքստում: Եթե ծռերը սկսել են ՊՊԾ գնդից, հընթացս առաջարկելով նաև բանակցություններ, ապա ըստ Բաբայանի մեղադրական գործի, կարող ենք ենթադրել, որ նա փորձել է օգտագործել մեկ անձի ֆիզիկական ոչնչացման մեթոդով իշխանափոխության հարցը լուծել:
Շիրխանյանի և նրա զինված խմբի պլանները ևս վտանգավոր են եղել, բայց ընթացող դատավարությունն իր շուրջ եղած ուշադրությամ էականորեն զիջում է Սասնա ծռերի դատավարությանն ուղեկցող հանրային ուշադրությանը:
Պատճառներից մեկն այնն է, որ ի տարբերություն մյուս երկուսի Սասնա ծռերը հաջողել են իրականացնել իրենց պլանավորածը, իսկ մյուս երկուսը բռնվել են դեռ ոչինչ չիրականացրած: Սակայն կա ևս մեկ պատճառ: Փաստացի իշխանությունն ու Սարգսյանն ավելի շատ զգուշանում են Բաբայանի և Շիրխանյանի գործերի հանրային ուշադրությունից, քանի որ այդ գործերի բովանդակությունն ավելի վտանգավոր է: Փոխարենը Սասնա ծռերի մասին քննարկումներին տրվել է բավական լայն մեդիաքննարկումների թույլտվություն:
Արտակ Ասլանյան