Կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը
КультураՀուլիսի 24-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է անվանի ասմունքող և հաղորդավար Վերա Հակոբյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վերա Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Երևանի Այգեձոր 3 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 26-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Վերա Հակոբյանը ծնվել Փարաքարում 1928թ. ապրիլի 13-ին: 1946թ. ավարտել է Երևանի Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը: 1946-1951թթ սովորել է Երևանի Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում: Ուսումնառության տարիներին մասնագիտական դասընթացներ է անցել բեմական խոսքի վարպետներ Հրաչուհի Ջինանյանի և Հայկուհի Գարագաշի մոտ: 1951թ. աշխատանքի է անցել այն ժամանակ նոր զարգացող Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտե: Հաղորդավարական աշխատանքին զուգահեռ, լրջորեն սկսել է զբաղվել ասմունքով: Նրա անվան հետ է կապված հայկական հեռուստատեսությամբ հեռարձակված առաջին պոեզիայի հաղորդումը: Այդ տարիներին Արամ Մերանգուլյանի ժողովրդական գործիքների անսամբլի հետ շրջագայել է ամբողջ Հայաստանով, համերգները վերածելով գրական-երաժշտական երեկոների և յուրովի ներկայացնելով հայ բանաստեղծների ստեղծագործությունները: Եղել է հայ պոեզիայի մեկնաբաններից և տարածողներից մեկը: Բարեկամություն է արել Սիլվա Կապուտիկյանի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի և այլ բանաստեղծների հետ, ում շատ բանաստեղծությունների հաճախ առաջին ներկայացնողն է եղել: Արժանացել է մշակութային և պետական տարբեր պարգևների, շնորհակալագրերի և մեդալների: Հայաստանի ազգային ռադիոն, որի հետ կապված է եղել իր ամբողջ աշխատանքային գործունեությունը, նրա երկրորդ տունն է եղել: Պատահական չէ, որ «Երևանն է խոսում» բառակապակցությունը զուգահեռվում է նաև նրա անվան հետ:
1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ՀՀ 1-ին աստիճանի մեդալի: