Վիգեն Սարգսյանի 1000 դրամն ու կախված զինվորը
АналитикаLraber.info-ն գրում է.
Օրերս Երևանում ինքնասպանություն գործած Վարդան Մելքոնյանի գործով նոր հանգամանքներ են պարզվել: ՊՆ N զորամասի հարակից տարածքում կախված հայտնաբերված Վարդան Մելքոնյանը մահից ժամեր առաջ ընկերոջից 20.000 դրամ է խնդրել: Վարդանը չի ասել, թե ինչի համար է գումարը:
Քննությունն, իհարկե, կպարզի, թե ինչ կապ կա գումարի և ինքնասպանության միջև, չնայած հայաստանյան և բանակային իրողություններից քիչ թե շատ տեղյակ ցանկացած ոք հասկանում է, թե մոտավորապես ինչ է տեղի ունեցել:
Գումարի պատճառով ինքնավնասման դեպքերը շատ պոպուլյար էին բանակում ժամանակին: Հիմա, կարծես թե, ՊՆ-ի խնդիրը պետք է լիներ առաջնագծում անվտանգությունն ու զինվորի հարմարավետությունը ապահովելը: Բայց փաստորեն, մինչ այդ պետք է գնալ հետ և վերացնել ոչ կանոնակարգային, բանտային նորմեր հիշեցնող հարաբերությունների պատճառով ծագող խնդիրները:
Հակասական իրավիճակ է ՝ Վիգեն Սարգսյանն ազգից 1000-ական դրամներ է խնդրում և հավաքում ՝ վիրավոր և զոհված ընտանիքներին օժանդակելու գործի համար, իսկ Երևանի զորմասերից մեկում երիտասարդ է կախվում 20000 դրամի համար: Վիգեն Սարգսյանի ազնիվ մղումներին չկասկածելով, ամեն դեպքում կարող ենք փաստել, որ իրավիճակը ողբերգկանից բացի, նաև հակասական է: Չի կարող լինել ազգ-բանակ, երբ 20 հազարի համար մարդ է մահանում: Նշանակում է բանակի հիմքում ոչ թե ազգն է, այլ ախպերությունը, կիսագողական մտածողությունը:
Տեղի ունեցած մեկ այլ ցավոտ կողմն էլ այն է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանում: Այսինքն մի տեղ, որտեղ ծառայության դժվարություններն ավելի քիչ են, քան առաջնագծի զորամասերում: Միգուցե խաղաղ պայմանները մեր զինվորների վրա չե՞ն գալիս, թե՞ Երևանի զորամասերում ծառայում են այնպիսի մարդկանց զավակներ, ովքեր չեն կարող կիսագողական մտածողության կրող չլինել:
Դեպքը բացի անձնական ողբերգությունից նաև բանակի համակարգային մի շարք խնդիրներ է վեր հանում: Վիգեն Սարգսյանն արդեն մեկ անգամ հասցրել է շատ կոպիտ տեսաուղերձով հանդես գալ ՝ չխնայելով ոչ օրինազանց զինվորներին, ոչ սպաներին: Այս գործն իր ողբերգականությամբ և բանակին վերաբերվող մի շարք համակարգային խնդիրների մատնանշմամբ ևս պիտի դառնա պաշտպանության նախարարության խնդրո առարկան և հանրայնացվի տեղի ունեցող գործընթացը՝ ապագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար:
Արտակ Ասլանյան