Արամ Աթեշյանին զրկել են պատրարքարանի պաշտոնական փաստաթղթերը ստորագրելու իրավունքից
ОбществоՊոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը պաշտոնապես զրկել է Պոլսո Հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին պաշտոնական ստորագրության իրավունքից, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում պարտվելուց հետո Արամ Աթեշյանը հրաժարվում էր փոխանցել պատրիարքարանի ստորագրության իրավունքը ընտրություններում իրեն հաղթած Գարեգին արքեպիսոկոպոս Բեկչյանին։
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել, ինչից հետո արքեպիսկոպոս Բեկչյանը, վերադառնալով Ստամբուլ, պաշտոնապես ստանձնել էր պատրիարքի տեղապահի պարտականությունները:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն օրերս հայտնել է, որ պատրիարքական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին։