Բարձրացել է էլեկտրասյան վրա՝ նկարվելու եւ հոսանքահարվել է. պատմել են մահացած 16-ամյա տղայի ընկերները
ОбществоNEWS.am-ը գրում է.
Արարատի մարզի Այգեզարդ գյուղի «Կարմիր սար» կոչվող տարածքում հուլիսի 30-ին մահացած հայտնաբերված 16-ամյա Գեղամ Հովհաննիսյանը հոսանքահարվել է, երբ բարձրացել է էլեկտրասյան վրա՝ նկարվելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահումյանի գյուղապետ Սերժիկ Բաբայանը: Նա նշեց, որ պատանին սպորտսմեն էր, նա իր ընկերների հետ առավոտյան գնացել է այդ տարածքում վազելու եւ որոշել է բարձրանալ էլեկտրասյան վրա եւ նկարվել, հենց այդ ժամանակ էլ հոսանքահարվել եւ տեղում մահացել է:
«Երկու հոգի ընկեր է եղել հետը, համոզել են, խնդրել են, որ չբարձրանա, բայց չի լսել: Որոշել է բարձրանալ ու նկարվել, այդ սյան վրայով էլ բարձրավոլտ հոսանքի մալուխներ են անցնում, հոսանքահարվել, ընկել է: Ընկերները շտապօգնություն են կանչել, բայց արդեն մահացած է եղել»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Այգեզարդում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի: