Կառավարությունը հիմնադրում է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ընկերություն
ЭкономикаՀայաստանի կառավարությունը հիմնադրում է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերություն, որի կառավարման լիազորությունները վերապահվելու են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:
Ընկերության հիմնադրման մասին նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 3-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն, ընկերությունն ստեղծելու նպատակն ապահովել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման, կազմակերպման և զարգացման աշխատանքները:
Ակնկալվում է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման ԻԻՀ հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար:
2017 թվականին սկիզբ է դրվել Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին։ Ազատ տնտեսական գոտին կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ նաև կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալի ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացման, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդման, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների և տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործման:
Ազատ տնտեսական գոտու կառուցումը ենթադրում է փուլային բնույթ։ Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։
ԱՏԳ-ի կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 մլն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն ավելի քան 2500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կլինի շուրջ 80-100 մլն դոլար: