«Բարսելոնա». Նեյմարը հայտնել է ակումբից հեռանալու ցանկություն
Спорт«Բարսելոնան» պաշտոնապես անդրադարձել է բրազիլացի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակին: Օգոստոսի 2-ին Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը ժամանել էր կատալոնական ակումբի մարզաբազա, սակայն չէր մասնակցել մարզմանը եւ շուտով հեռացել:
«Առավոտյան մարզումից առաջ Նեյմարը հայտնեց ակումբից հեռանալու ցանկություն, ինչի հետ կապված նրան թույլատրվեց բաց թողնել մարզումը եւ զբաղվել իր ապագայի վերաբերյալ հարցերով»,- ասվում է «Բարսելոնայի» հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն: Ֆրանսիական ակումբը պատրաստ է վճարել բրազիլացու պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը:
Սպասվում է, որ Նեյմարը պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի սեփականատեր Qatar Sports Investments-ի հետ եւ կդառնա 2022թ. Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության դեսպանը: Դրա համար բրազիլացին 5 տարում կստանա 300 միլիոն եվրո (տարեկան 60 միլիոն): Նա ՊՍԺ-ի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 30 միլիոն եվրո մաքուր եկամուտով: Եվս 20 միլիոն եվրո Նեյմարը կստանա ՊՍԺ-ն ընտրելու համար: