Թուրքիայում փլուզված հանքում ածխահատների փրկության հույսեր գրեթե չկան. նախարար
Международные новостиՇատ քիչ հույսեր են մնում ածխահատների փրկության համար, որոնք մնացել են փլատակների տակ' Թուրքիայի Քարամանի նահանգի Էրմենեք քաղաքի շրջանում հոկտեմբերի 28-ին ածխահանքի փլուզման ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական TRT Haber հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Նրա խոսքով' փրկարարական աշխատանքներն ածխահանքում անցկացվում են օրուգիշեր: Ածխահանքում տեղի էր ունեցել փլուզում, որից հետո հանքը լցվել էր ջրով: Փլատակների տակ են մնացել այդ պահին հանքում աշխատող 40 ածխահատներից 18-ը, որոնց մասին մինչ այժմ ոչինչ հայտնի չէ:
Ածխահանքի ջրով հեղեղվելն ու փլուզումը տեղի է ունեցել 375 մ խորության վրա: Փրկարարները հուսով են, որ հողի տակ մնացած 18 ածխահատները հասցրել են թաքնվել չհեղեղված մեկուսախցերում: Ջուրը հանքում բարձրացել է 50 մ-ով:
Թուրքիայի Սոմա քաղաքում մայիսին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 301 ածխահատ զոհվել, 486-ը վիրավորվել էին:
Թուրքիայի տարածքում ընդհանուր առմամբ գործում են 740 ածխահանքեր, որոնցում աշխատում է 48706 մարդ:
1941 թվականից մինչեւ այժմ արտակարգ դեպքերի արդյունքում Թուրքիայի ածխահանքերում զոհվել է 2000-ից ավելի մարդ, մի քանի հազար մարդ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի ածխահանքում 1992 թվականին տեղի ունեցած վթարի արդյունքում 263 մարդ էր զոհվել: Թուրքիայում արտադրական վթարների 10,4 տոկոսն ընկնում է հանքաարդյունաբերության հատվածին: