«Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել ռուս պաշտպան Մատվեյ Գույգանովի հետ
СпортԵրևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել 23-ամյա ռուսաստանցի պաշտպան Մատվեյ Գույգանովի հետ: Ինչպես տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, Գույգանովը «Բանանց»-ի հետ է գտնվել ամառային նախապատրաստական շրջանի ողջ ընթացքում և մասնակցել ստուգողական հանդիպումներին:
Պատանեկան տարիքում Գույգանովը հանդես է եկել ուկրաինական թիմերում՝ Դոնեցկի «Մետալուրգ»-ում, Դոնեցկի «Շախտյոր»-ում և «Սևաստոպոլ»-ում:
Հետո նա հանդես է եկել ռուսական «Մորդովիա»-ի և «Սատուրն»-ի երկրորդ թիմերում: Վերջին տարիներին խաղացել է «Սևաստոպոլ» և «Սիմֆերոպոլ» թիմերում:
«Շատ ուրախ եմ այս տեղափոխության կապակցությամբ: Հուսով եմ՝ լավ ելույթ կունենանք այս մրցաշրջանում, թիմը և կոլեկտիվը շատ լավն են ու մարտունակ: Հոսով եմ, որ ամենաբարձր տեղերում կլինենք առաջնությունում»,- նշել է երիտասարդ ֆուտբոլիստը:
«Մատվեյ Գույգանովը դեռ մայիսին էր փորձաշրջան անցել մեզ մոտ, և մենք հասկացանք, որ լավ որակներ ունի կենտրոնական պաշտպանի համար: Նա մտածող ֆուտբոլիստ է, գնդակով էլ շատ լավ է գործում: Նա կարող է խաղալ նաև որպես հենակետային կիսապաշտպան, բայց մենք իրեն դիտարկում ենք աջ կենտրոնական պաշտպանի դիրքում, կարող է խաղալ նաև որպես աջ պաշտպան: Գույգանովը պաշտպանությունում ունիվերսալ խաղացող է և կարող է խաղալ պաշտպանության 3-4 դիրքում: Ամենակարևորն այն է, որ նա երիտասարդ է, և շատ գովելի է, որ նա մեծ ցանկություն ունի իրեն դրսևորելու, իսկ Հայաստանը նրա համար լավ հնարավորություն է»,- նշել է «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: