Հարազատները պայթյունի ձայնը լսելուց հետո շտապել են նրանց տուն. մանրամասներ Դավիթաշենի պայթյունից (ֆոտո)
ОбществоNEWS.am-ը գրում է.
Երեւանի Դավիթաշեն համայնքում օգոստոսի 2–ին արկի պայթյունը տեղի է ունեցել տուժած եւ այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 20-ամյա Աշոտ Եփրեմյանի տանը: NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները պատմեցին, որ Աշոտ Եփրեմյանը այդ տանն ապրել է ընտանիքի հետ, սակայն, դեպքի պահին նա եղել է հորեղբոր որդու՝ պայթյունի հետեւանքով մահացած Նիկոլ Եփրեմյանի հետ. «Երկուսն էլ շատ լավ տղաներ են, բոլորս զարմացած ենք, թե որտեղից էդ արկը, ինչպես է տեղի ունեցել պայթյունը»:
Հարեւանները նշեցին, որ պայթյունի հետեւանքով մահացած Նիկոլ Եփրեմյանն էլ ապրում էր նույն փողոցում, այն տան դիմաց, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը: Հարեւանների խոսքով, 32-ամյա երիտասարդը ամուսնացած չէր, մշտական զբաղմունք չուներ: Հարեւանների խոսքով, երիտասարդներին առաջին օգնությունը ցուցաբերել են Նիկոլ Եփրեմյանի ընտանիքի անդամներն ու հարեւանները, որոնք պայթյունի ձայնը լսելուց հետո շտապել են դեպքի վայր:
Տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Ըստ մեր տեղեկությունների, նախնական վարկած կա, որ այդ տանը փորձել են արկի գլխիկ սղոցել, ինչի հետեւանքով պայթյուն էր տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Ռ. Մ.-ին պատկանող թիվ Դավիթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:

