Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
ЭкономикаՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը օգոստոսի 3-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին` մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Հիրոյուկի Ցուզակիի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի հետ արդյունավետ աշխատանքներ են ընթանում ճանապարհաշինության ոլորտում։ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել ու բարեկարգվել են մի շարք մարզային նշանակության ճանապարհներ։ Սակայն ցանկություն կա խորացնելու համագործակցությունը նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Ներկայացնելով միասնական տոմսի և նոր տրանսպորտային համակարգերի կառավարման ծրագրերը՝ Վահան Մարտիրոսյանն ընդգծել է, որ դրանցում մեծ տեղ է ունենալու նոր տեխնոլոգիաների ներդրումը։ Հիրոյուկի Ցուզակին, կարևորելով համագործակցության հետագա ընդլայնումը, նշել է, որ ներկայացված գաղափարներն ընդունելի են: Արդեն ընթացող համատեղ աշխատանքներին զուգահեռ՝ քայլեր կկատարվեն նոր առաջարկները ՀԲ-ի առաջիկա ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումներին։ Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի (Date center) ստեղծման ծրագրի շուրջ համագործակցության հնարավորությունը։ Հիրոյուկի Ցուզակին ներկայացրել է նաև «Ինժեներական քաղաք» նախագիծը, որը զգալի նշանակություն է ունենալու ինժեներական ոլորտի առաջընթացի և այդ բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ։