Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արմավիրի մի շարք համայնքներ
ЭкономикаՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն օգոստոսի 4-ին Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ակնալիճ, Հացիկ, Մյասնիկյան համայնքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հանդիպել է ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերը, ներկայացրել պետական աջակցության նոր ծրագրերը` 5 տոկոսով սուբսիդավորվող վարկեր, 2 տոկոսով վարկային միջոցներ` կաթիլային ոռոգման անցնելու համար և այլն:
Ակնալիճ համայնքում այս տարի լոլիկի առատ բերք են ակնկալում, գյուղացիներին հուզող հարցը մթերման գործընթացի կազմակերպումն է: «Մենք ամեն ինչ անում ենք գյուղացու շահերը պաշտպանելու համար»,-հավաստիացրել է նախարար Առաքելյանը` տեղեկացնելով, որ կառավարությունը երեկ ընդունել է վերամշակողներին մթերման մատչելի վարկերի տրամադրման ծրագիրը, ինչը կերաշխավորի պայմանագրերի կնքումը` գյուղնախարարության կողմից տրամադրված օրինակելի ձևին համապատասխան ու մթերումների դիմաց վճարումների ժամանակին կատարումը: Նախարարի խոսքով` այս ծրագրի հիմնական նպատակն այն է, որպեսզի մթերողները գյուղացիներին երկար ժամանակ պարտք չմնան: Բոլոր վերամշակողները, որոնք ֆինանսական միջոցների խնդիր ունեն և վարկունակ են, պետական աջակցությամբ մատչելի վարկեր կստանան, գումարը, սակայն, կտրամադրվի անմիջապես գյուղացուն` մթերված բերքի դիմաց:
Ակնալիճի ղեկավար Գևորգ Միսակյանի խոսքով` համայնքն ունի 1200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, որից մշակվում է միայն 400 հեկտարը, հիմնական պատճառը ոռոգման ջուրն է:
Ֆերմեր Բորիս Եղիազարյանը երկար տարիներ լոլիկի մշակությամբ է զբաղվել, այժմ շուրջ 20 հեկտար խաղողի այգի ունի, մնացած 20 հեկտար վարելահողը չի մշակում, ցանկանում է օգտվել կաթիլային ոռոգման համակարգի համար տրվող պետական աջակցության ծրագրից: Վստահ է` կաթիլային ոռոգման անցնելու դեպքում արդեն պարապ հող չի մնա. կրկին լոլիկ կմշակի, կընդարձակի խաղողի այգիները, բացի այդ, էականորեն կավելանա բերքատվությունը, կկրճատվեն աշխատանքները: Նրա խոսքով` առաջարկվող վարկավորման պայմաններն առավել քան շահեկան են:
Մյասնիկյան համայնքի ֆերմեր Արմեն Գալստյանը 6 000 մ դեղձենու այգի ունի: Այս տարվա բերքից գոհ է, ասում է` դեղձի տարի է: Բերքի մի մասն արտահանում է, մնացածը` վաճառում ներքին շուկայում: Կաթիլային ոռոգման համակարգի համար տրամադրվելիք 2 տոկոսանոց վարկերի ծրագիրը նրան էլ է հետաքրքրել, վստահեցնում է` անպայման կդիմի:
Հացիկ և Մյասնիկյան համայնքներում հողօգտագործողներին մտահոգող հիմնական խնդիրն այս տարի ոռոգումն է: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ տարին չորային է, և խնայողական ռեժիմի անցնելով՝ փորձում են հնարավորինս ապահովել բոլոր համայնքները ջրով: Նրա խոսքով՝ Մյասնիկյան համայնքում միացվել է 6 խորքային պոմպ, սակայն ոռոգման խնդրի լուծումը Սելավ-Մաստարայի ջրամբարի կառուցումն է, որի տնտեսական արդյունավետության հարցը քննարկումների փուլում է:
«Կաթիլային համակարգին դեռևս սովոր չեն, սակայն մենք հաշվարկներն արել ենք, հիմնավորված է, որ այն առավել արդյունավետ է աշխատում: Դրանք կուղարկենք համայնքապետերին, որպեսզի իրենք էլ գյուղացիներին իրազեկեն: Սրանք այն ծրագրերն են, որոնք կամաց-կամաց պետք է ներդրվեն, ինչը կբերի ավելի արդյունավետ գյուղատնտեսության»,-
Նախարարի խոսքով` գյուղացիներին հատկապես շատ է ոգևորել 5 տոկոսով 3-10 մլն դրամ վարկերի տրամադրումը, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ գյուղատնտեսություն վարել և էական շրջանառու միջոցներ ունենալ՝ աշխատանքներ կատարելու համար:
Նախարարը նշել է, որ աշխատանքներն են տարվում վերամշակող ընկերությունների հետ, որպեսզի այս տարի մթերումներն ավելի շուտ սկսեն` կապված ջրի սակավության և բարձր ջերմաստիճանի հետ: