«Հայկական կողմը պետք է լուրջ ակնկալիքներ ունենա հայ-իրանական սահմանին տեղակայված, շուտով գործարկվելիք ազատ տնտեսական գոտուց». իրանագետ
ЭкономикаՀայաստանն ու Իրանը տարածաշրջանում անվտանգության կերտողներն են, ոչ թե անվտանգության սպառնալիքներ, ինչպես Թուրքիան եւ Ադրբեջանը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրանագետ Կարեն Մկրտչյանը: Ըստ մասնագետի՝ Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում, եթե անգամ խնդիրներ կան, դրանք լուծելի են: Սակայն լուրջ խնդիրներ, որպես այդպիսին չկան: Ցանկացած խնդրի պետք է հետամուտ լինել եւ փորձել լուծումներ գտնել՝ բանակցությունների ճանապարհով, ոչ թե հակասությունների:
Անդրադառնալով հայ-իրանական տնտեսական կապերին՝ Կ. Մկրտչյանը ընդգծեց, որ հայկական կողմը պետք է լուրջ ակնկալիքներ ունենա հայ-իրանական սահմանին տեղակայված, շուտով գործարկվելիք ազատ տնտեսական գոտուց: «Այս ծրագրով հայկական եւ իրանական բիզնեսները պետք է զարգացում ապրեն: Ազատ տնտեսական գոտին Իրանին թույլ կտա Հայաստանով դեպի ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա ապրանքներ արտահանել: Իսկ Իրանի համար ամենահեռանկարային ոլորտներից մեկը, թերեւս, էներգետիկ ռեսուրսներն են»,- նշեց բանախոսը: