«Հիմա փորձում են ժամանակացույցով ոռոգումը կատարել». Հ. Բերբերյան
ЭкономикаԱյսօր լրագրողների հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, խոսելով վերջին ամիսների բարձր ջերմաստիճանի հետեւանքների մասին, ասաց, որ հանրապետությունում արդեն երաշտ է, շատ ծանր վիճակ է բոլոր մարզերում, բայց Շիրակում ընդհանրապես ծայրահեղ է վիճակը։
«Հիմա փորձում են ժամանակացույցով ոռոգումը կատարել։ Հիմա գյուղացին կրկնակի է ոռոգում, քանի որ ջուրը անմիջապես գոլորշիանում է։ Սա բնականաբար կազդի բերքի վրա»,- նշեց նա՝ խոսելով ջրամբարների խնդրից. «Վերջին 5 տարին մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ունենք ջրամբարների խնդիր։ Չնայած հսկայական գումարներ ծախսվեցին եւ՛ համաշխարհային բանկի ռեսուրսներից, եւ՛ գերմանական վարկից, որ ջրամբարները լավ աշխատեն, սակայն ոչ մի փոփոխություն չկա»,- նկատեց Բերբերյանը։
Ագրարագյուղացիական միավորման նախագահը նշեց, որ ոռոգման կաթիլային համակարգին անցնելը դեռ բարեփոխում չէ, ինչպես փորձում են ներկայացնել շատ պաշտոնյաներ։ Ըստ նրա՝ բարեփոխումներն այն ժամանակ կլինեն, երբ ոռոգման համակարգի ներկայիս մենաշնորհային վիճակը վերացվի։
«Գյուղացին, ֆերմերը ցանկանա, թե չցանկանա ՋՕՄ-ի միջոցով պետք է ոռոգում կատարի։ Մենք չենք ասում, որ ՋՕՄ–ը վատ աշխատող կառույց է, բայց մենք պետք է ունենանք այլընտրանքային ոռոգման համակարգ։ Այսինքն, եթե խոշոր ֆերմեր է, մեծ գյուղ է եւ նա ինքը կարող է ջուր վերցնել, այստեղ ի՞նչ կապ ունի ՋՕՄ–ը»,- ընդգծեց նա։