Էրեբունու կադաստրի նախկին պետը մեղադրվում է կեղծ վկայականներ տալու և զինամթերք ձեռք բերելու մեջ. գործը դատարանում է
ОбществоTert.am-ը գրում է.
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունու տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Սարգիս Կարապետյանը մեղադրվում է կեղծ վկայականներ տրամադրելու և ապօրինի զինամթերք ձեռք բերելու համար:
Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ օգոստոսի 7-ին գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Աննա Դանիբեկյանին:
Սարգիս Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999-ից 2008 թվականը և 2008-ից 2010 թվականը զբաղեցնելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունու տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, քաղաքացիներին տրամադրել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման կեղծ վկայականներ:
Գործողությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ դրանցով սահմանված առանձնապես խոշոր չափերով գույքերը վաճառելու և բանկերում գրավադրելու արդյունքում առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել անձանց և կազմակերպություններին:
Բացի այդ, քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակարանում ապօրինի պահել է գործարանային արտադրության, կրակելու համար պիտանի ռազմամթերք հանդիսացող 46 փամփուշտ:
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն,ռազմամթերք, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: