Հանգստյան օրվանից հետո «Սինքֆիլդի գավաթ» գերհզոր մրցաշարում տեղի ունեցավ 6-րդ տուրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, միակ հաղթանակը տարավ Լևոն Արոնյանը, ով սպիտակներով խաղում էր Ուեսլի Սոի հետ։ Մյուս զույգերը՝ Կարլսեն-Նակամուրա, Կարուանա-Վաշիե-Լագրավ, Կարյակին-Անանդ, Նեպոմնյաշչի-Սվիդլեր, կիսեցին միավորը։
6 տուրից հետո «Սինքֆիլդի գավաթ»-ում շարունակում է միանձնյա գլխավորել Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Նա վաստակել է 4 միավոր։ Անանդը, Արոնյանն ու Կարլսենն ունեն 3․5-ական, Կարուանան ու Կարյակինը՝ 3-ական, Նակամուրան, Սվիդլերն ու Նեպոմնյաշչին՝ 2․5-ական, Սոն՝ 2 միավոր։
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա Հիկարու Նակամուրայի հետ։