Դաբաղի մասին գիտեն բոլորը, նույնիսկ փոխնախարարը, իսկ ՍԱՊԾ-ն այդ մասին տեղյակ չէ
ОбществоԹեև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղ հիվանդության հետ կապված որևէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից չի ստացել, բայց Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը Orer.news-ին տեղեկացրեց, որ թե՛ ինքը, թե՛ Դեբեդի համայնքապետը դաբաղի մասին հայտնել են ՍԱՊԾ մարզային կառույցին: Ավելին, մասնագետները ամենօրյա հսկողություն են սահմանել, ժամանակ առ ժամանակ լինում են սարերում, որտեղ այս օրերին գտնվում են հիվանդ կենդանիները և տեղում ծանոթանում իրավիճակին: «Մենք հրավիրել ենք մեր հանրապետության լավագույն մասնագետներին, Սննդի անվտանգության մարզային անասնաբուժական ծառայության մասնագետներին գյուղատնտեսության նախարարությունից: Այս պահին էլ փոխնախարարի գլխավորությամբ նրանք մեր սարերում են, ուսումնասիրում, ստուգում, հուշում են անասնապահներին, որպեսզի բուժումը կատարեն»,- ասաց Գ. Հովսեփյանը:
Հարցին, թե ՍԱՊԾ-ն տեղեկություն է տարածել, թե իրենք որևէ նման ահազանգ չեն ստացել ո՛չ գյուղացիներից, ո՛չ էլ համայնքից, Դսեղի համայնքապետն ասաց: «Դա Երևանի ՍԱՊԾ-ն ա ասում, մեր մարզինը չի կարող նման բան ասել: Ես տեղյակ չեմ, թե մարզայինը Երևանին հաղորդել է, թե՝ չէ, բայց մենք մեր մարզի սննդամթերքի անվտանգությանը տեղեկացրել ենք, նրանք տեղում եղել են: Մնացածը չգիտեմ, թե ով, ում ինչ ա ասել, ինչ չի ասել»,- ասաց համայնքապետը:
«Առավոտ» օրաթերթի տեղեկացմամբ Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղ հիվանդության մասսայական դեպքեր են գրանցվել: Լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն՝ Դսեղի համայնքապետը հայտնել է, թե գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի 60 տոկոսը վարակված է դաբաղով: Այս առիթով ՍԱՊԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե հանրապետությունում կենդանիների հիվանդությունները ախտորոշող հավատարմագրված միակ լաբորատորիան ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնն է, որի կողմից կենդանիների դաբաղ հիվանդության ախտորոշված որևէ դեպք չի ստացվել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է նաև, որ հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել, հետևաբար հրապարակման մեջ նշված տեղեկությունները հիմնավորված չեն, առավել ևս՝ առանց մասնագիտական եզրակացության «համաճարակ» տերմինի օգտագործումն անպատասխանատու է: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրում է լրատվամիջոցի կողմից հրապարակված ահազանգը: Ստացվում է, որ դաբաղի մասին գիտեն թե՛ Գյուղատնտեսության նախարարությունում՝ փոխնախարարի մակարդակով, և թե՛ մարզային իշխանությունները, բայց ՍԱՊԾ-ն այդ մասին չգիտի: Ավելին, դեռ նոր է ուզում ուսումնասիրել «դաբաղի գործը», այն էլ՝ մամուլի հրապարակումից հետո: Եվ չի բացառվում, որ հանրապետությունում կենդանիների հիվանդությունները ախտորոշող հավատարմագրված միակ լաբորատորիան՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնը, այդ դեպքն էլ մի քանի ամիս ուսումնասիրի ու հետո կամ լռի, կամ էլ փորձի «ապացուցել», որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, կենդանիների հիվանդությունն էլ դաբաղ չի եղել, իսկ հետևությունները թողնում ենք ընթերցողին:
Արմինե Գրիգորյան