Սեքս սկանդալի հետքերով. Պոլիտեխնիկի 2 աշխատողների բնակարանները խուզարկվել են
ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի` սեքս սկանդալի կենտրոնում հայտնվելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 29-ին, խուզարկվել են համալսարանի երկու աշխատակիցների բնակարանները: Այս մասին այսօր` հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ռեկտորը:
«Այս խուզարկություններն իրականացվել են քննչական գործողությունների արդյունքում: Եզրակացություն անել չեմ ուզում եւ չեմ կարող, միայն քննչական գործողությունների ավարտից հետո նախաքննական մարմինը կարող է եզրակացություն տալ: Ինքս ունեմ փաստեր, կասկածներ, որոնք սակայն հրապարակել չեմ կարող, որովհետեւ կարող է խանգարել քննչական գործողություններին»,- ասաց Հովհաննես Թոքմաջյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին համացանցում էին հայտնվել ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջի անձնական ինտիմ նամակագրությունը: Ռեկտորը հայտարարել էր, որ իր էջը կոտրել են, նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանությունում, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով: