Դեմբելեն բաց է թողել Բորուսիայի մարզումը, և ակումբը չի կարողանում նրա հետ կապ հաստատել
СпортԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն, առանց նախապես տեղեկացնելու, չի ներկայացել գերմանակն թիմի մարզմանը:
20-ամյա կիսապաշտպանի նորամուտի մրցաշրջանը Դորտմունդում վերջինիս դարձրել է Եվրոպայի ամենախոստումնալից երիտասարդ աստղերից մեկը:
«Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում դառնալով 10 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ` Ուսմանը հայտնվեց եվրոպական մի քանի թոփ-ակումբների նշանառության տակ, այդ թվում ` «Բարսելոնայի» և «Ռեալի»:
Այս պահին, ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս երկու ակումբները բանակցություններ են վարում ֆուտբոլիստի հետ, սակայն «կապտա-նռնագույնները», միևնույն է, Դեմբելեին ձեռք բերելու հիմնական հավակնորդն են:
Հաշվի առնելով Ուսմանի շուրջ ստեղծված այս աժիոտաժը` էլ ավելի կասկածելի է թվում այն փաստը, որ ֆուտբոլիստը չի մասնակցել «Բորուսիայի»` այսօր կայացած մարզմանը:
«Ուսման Դեմբելեն բաց է թողել այսօրվա մարզումը: Մենք չգիտենք, թե ինչու»,- հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Պետեր Բոշը:
«Մենք փորձել ենք կապ հաստատել նրա հետ, բայց` ապարդյուն: Հույս ունենք` նրա հետ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել»,- ասել է մարզիչը:
Դեռևս հայտնի չէ` արդյոք Դեմբելեի բացակայությունը որևէ կերպ կապվա՞ծ է նրա` ակումբը փոխելու ցանկության հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» կփորձի խլել Ուսմանին «Բարսելոնայից»: