Դիլիջանյան ճամբարը կհամախմբի հայ և վրացի երաժիշտների
КультураՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունը օգոստոսի 15-26-ը Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կանցկացնի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների երաժշտական ճամբար: Միջոցառումն անցկացվում է հայ-վրացական համագործակցության շրջանակներում: Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացրին, որ երաժշտական ճամբարի նպատակն է՝ ստեղծել մեկ միասնական հարթակ երկու երկրների երիտասարդ արվեստագետների միջև փորձի փոխանակման, մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև հետագա համատեղ նախագծերի մշակման համար:
Երաժշտական ճամբարին Հայաստանից և Վրաստանից կմասնակցի 40 կոմպոզիտոր և կատարող:
12 օրերի ընթացքում մանսակիցների համար կկազմակերպվեն հանդիպումներ և վարպետության դասեր ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ սփյուռքում ապրող հայ անվանի կոմպոզիտորների, կատարողների, արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչների հետ: Նախագծի շրջանակներում տեղի կունենա նաև հանդիպում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:
Հայ և վրացի արվեստագետների համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Հաղարծին և Գոշավանք, իսկ ճամբարի ավարտից հետո՝ այցելություն Երևանի թանգարաններ:
Ճամբարը կեզրափակվի 12-օրյա աշխատանքի ամփոփմամբ և գալա համերգով, որը տեղի կունենա Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Մեծ խարույկը կազդարարի ճամբարի ավարտը: