Հայաստանի բժշկական կենտրոններն անցնում են արևային կայանների տեղադրմանը
ОбществоՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին տարիներին իրականացրել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայումս դրամաշնորհային միջոցներից գոյացած խնայողությունների հաշվին նախարարությունը ձեռնամուխ է եղել այդ կազմակերպություններում արևային կայանների տեղադրման, ինչպես նաև շենքային պայմանների հետագա բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, մասնավորապես, նախատեսվում է վերանորոգել բժշկական օգնության և սպասարկման, լաբորատոր-ախտորոշիչ բաժինների տարածքները և վերելակները: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում նախատեսվում է վերանորոգել ամբուլատոր-խորհրդատվական և լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքները, բարելավել հոգեկան խնդիրներ ունեցող տուբերկուլոզով հիվանդների բուժման պայմանները: Վերանորոգման ընթացքում կիրականացվեն նաև էներգախնայողական միջոցառումներ` արևային կայանների գործարկումն առավելագույն արդյունավետ դարձնելու նպատակով:
Այսօր հայտարարվել են մրցույթներ երկու կենտրոնում կայանների տեղադրման և շենքերի վերանորոգման նախագծում և նախահաշվային փաստաթղթերի մշակում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով:
Մասնագիտացված կազմակերպություններին տեղեկացնում ենք, որ մրցույթների հայտարարություններին կարող են ծանոթանալ gnumner.am կայքում: