UWW-ի վարկանիշ. Արթուր Ալեքսանյանը նահանջել է չորրորդ տեղ, Միհրան Հարությունյանը՝ 12-րդ
СпортԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:
Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում նահանջել է մեկ աստիճան եւ հայտնվել չորրորդ տեղում: Գյումրեցի ըմբիշից առաջ են կուբացի Յասմանի Կաբրերան, նորվեգացի Ֆելիքս Բարդաուֆը եւ բելառուս Ալեքսանդր Հրաբովիկը:
Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 66 կգ քաշայինների աղյուսակում 7-րդ տեղից նահանջել է 12-րդ տեղ: Վնասվածքի պատճառով Հարությունյանը հանդես չի գալիս Օլիմպիական խաղերից հետո:
75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 9-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը 14-րդ տեղում է: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 18-րդն է:
Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը դուրս է մնացել 71 կգ քաշայինների լավագույն 20-յակից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-22-ին Փարիզում կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):