«Բազե»-ի հավաքը հագեցած է լինելու մարզական և մշակութային նոր մրցույթներով
Общество«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի կանցկացվի օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում:
Արմենպրեսի հաղորդմամբ` հավաքին մասնակցելու են շուրջ 600 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն ասաց, որ այս տարի «Բազե»-ն նշելու է իր ստեղծման 15-ամյակը, և բավականին ծավալուն կազմակերպչական աշխատանքներ են տարվել:
«Այս տարվա հավաքին մասնակցելու է Հայաստանի բոլոր մարզերի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, Սփյուռքի, Ջավախքի, Արցախի և այլ ջոկատներ: Հավաքում ներառված են և՛ մշակութային, և՛ մարզական ուղղություններ»,- ասաց Պողոսյանը:
«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մարզական ղեկավար Գրիգոր Ամբարյանը նշեց, որ հավաքի բոլոր մարզական միջոցառումները կազմակերպվելու են ազգային ֆեդերացիաների համագործակցությամբ:
«Հավաքին ավելացվել են նոր մարզաձևեր, որտեղ մասնակցելու են միայն աղջիկները, որպեսզի նրանք նույնպես ներգրավված լինեն սպորտային միջոցառումներում: Նաև ավելացվել է փեյինթբոլ մրցույթը, որտեղ ջոկատները միասին պայքարելու են դրոշի համար»,- ասաց Ամբարյանը:
Հավաքի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Դանիելյանի խոսքով` պահպանվել են բոլոր այն մրցույթները, որոնք եղել են «ԲԱԶԵ»-ում, նաև ավելացել են նորերը:
«Այս տարի հավաքին կազմակերպվելու են գեղանկարչական, լուսանկարչական մրցույթներ: Յուրաքանչյուր մրցույթ կրելու է իր մեջ ինչ-որ խորհուրդ` Հայաստանի և նրա ապագայի վերաբերյալ: Առաջին օրը կազմակերպվելու է ցուցահանդես, որին մասնակցելու է վարչապետ Կարեն Կարապետյանը, այնուհետև մշակութային միջոցառումներով շաբաթ է լինելու և վերջում կազմակերպվելու է Գալա-համերգ»,- ասաց Դանիելյանը:
«Բազե»-ի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: