Նախարարի տեղակալն ընդունել է Իրաքի կապի նախարարության պատվիրակությանը
ОбществоՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն օգոստոսի 14-ին ընդունել է Իրաքի Հանրապետության կապի նախարարության պատվիրակությանը` կապի և ենթակառուցվածքների պետական ընկերության (ITPC) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվիի գլխավորությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Բորիս Դեմիրխանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է այն ոլորտներն ու ուղղությունները, որոնց շուրջ քննարկումներ ու հանդիպումներ կլինեն պատվիրակության` Հայաստանում գտնվելու 3 օրերի ընթացքում: Նախարարության առաջարկությամբ` այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բուհերի ու գիտահետազոտական մի քանի ինստիտուտների, հեռահաղորդակցության խոշոր օպերատորների և ՏՏ ոլորտի ընկերությունների հետ: Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել հեռահաղորդակցության ոլորտին։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տարածքում ինտերնետ ցանցի հասանելիության ցուցանիշները, օպերատորների աշխատանքը, ներդրվող նոր տեխնոլոգիաները:
Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվին ընդգծել է, որ պատվիրակության այցի նպատակը հենց այս ոլորտում համագործակցության եզրեր գտնելն ու Հայաստանում կայացած ենթակառուցվածքների վերաբերյալ փորձի փոխանակումն է:
Կողմերը քննարկել են նաև Տեղեկատվության մշակման ազգային կենտրոն (Data center) ստեղծելու երկու երկրների մոտեցումները: Իրաքյան կողմը հայտնել է, որ նույնպես հետաքրքրված է ազգային Data center-ի կառուցման ծրագրով, և այդ ուղղությամբ նախնական քայլեր արդեն իսկ արվում են: ՀՀՌՑ ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանի թվային հեռուստատեսության ներդրման փորձը: Հյուրերը հետաքրքրվել են գործընթացի մանրամասներով` հայտնելով, որ պատրաստվում են իրականացնել թվային հեռուստացանցի կառուցման ծրագիր, և այս ուղղությամբ հնարավոր է համագործակցություն։
Քննարկվել են նաև արբանյակային ծրագրերի շուրջ գործակցության հնարավորությունները: Քանի որ հնարավոր համագործակցության ուղղությունները բազմաթիվ են, կողմերը նշել են, որ առաջին այցի արդյունքների ամփոփումից և ընդհանրացումից հետո, կուղենշվեն երկուստեք գործակցության հետագա քայլերը: