Մարալիկում բարձրորակ ջինսեր կարտադրեն
ЭкономикаՄարզերի հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով աշխատանքներ են ընթանում Մարալիկ քաղաքում: Ծրագրով հատկացված գումարի հաշվին վերանորոգվել են Մադաթյան, 1ա և 4 շենքերը: Մադաթյան 1ա շենքի 290 քմ հատվածը փլուզվել էր ձյան ծածկույթից: Տանիքի մի հատվածը՝ 290 քմ, դեռ մարտին փոխվել էր:
Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից՝ ծրագրով նախատեսված մյուս՝ Մադաթյան, 4 շենքում իրականացվել է 430 քմ տանիքի վերանորոգման աշխատանքներ: Տանիքների փոխման աշխատանքները երկու բնակելիներում էլ ավարտված են:
Կատարված և ընթացքի մեջ գտնող աշխատանքների ընթացքը գտնվում է Շիրակի մարզպետ Արթու Խաչատրյանի ուշադրության ներքո: Աշխատանքային խումբը մարզպետի գլխավորությամբ օգոստոսի 14-ին եղավ ինչպես այս երկու բնակելի շենքերի տարածքում, այնպես էլ Մարալիկի մշակույթի տանը, դրա հարևանությամբ գտնվող այգում, որտեղ համայնքի ղեկավարը ներկայացրեց առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Շիրակի մարզպետն առաջարկեց թենիսի կորտ տեղադրել, ինչն ավելի արդիական և առողջարար կլինի բնակչության համար: Հաջորդ շինհրապարակը, ուր այցելեց մարզպետը, Մարալիկի Շիրակացու 7-րդ փողոցն էր, որտեղ 8 մլն 510 հազար դրամ պայմանագրային արժեքով իրականացվել էին 3000 քմ տարածքի մաքրման, հարթեցման, մոտ 350 քմ ասֆալտապատման և շուրջ 155 գծամետր բազալտե եզրաքարերի և 60 մետր ստորգետնյա ջրահեռացման համակարգի կառուցման շինարարական աշխատանքներ: Մարալիկի քաղաքապետի հավաստմամբ` մի քանի օրից կսկսվեն տարածքի կանաչապատման աշխատանքները:
Շիրակի մարզպետը եղավ նաև Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում, որտեղ ներկա պահին տեղի են ունենում շինվերանորոգման աշխատանքներ, որոնցից հետո նախատեսվում է հայրենական բամբակի հումքով սկսել նոր տեսականու արտադրություն: Նախատեսվում է նաև ջինսերի արտադրություն, որոնք, ըստ պատասխանատուների, բավականին լավ պահանջարկ կունենան:
Մարալիկ կատարած այցի ընթացքում տեղի են ունեցել նաև հանդիպումներ, որոնց մասնակցում էին Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արամ Գրիգորյանն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարության փորձագետ Սևակ Հայրումյանը: Ներկայացվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի նպատակներն ու կարևորությունը:
Աշխատանքային այցի ավարտին Արթուր Խաչատրյանը եղավ նաև Ազատան համայնքում՝ հանդիպում ունենալով Ախուրյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: