«Մենահամերգս ուշացած չեմ համարում. սա իմ սիրո խոստովանությունն է հորս». Լիլիթ Պիպոյան
КультураԵրգչուհին Լիլիթ Պիպոյանը այսօր հրավիրված ասուլիսին խոստովանեց, որ օգոստոսի 18-ին կանայալիք մենահամերգի պաստառների վրա չի նշել, թե ինչ խորագիր ունի համերգը կամ ում է նվիրված, սակայն լրագրողների հետ զրույցում բացահայտեց գաղտնիքը՝ մենահամերգը նվիրված է հոր` վաստակավոր նկարիչ Սուրեն Պիպոյանի 95-ամյակին։
«Իմ հայրը եղել է նկարիչների միության ակտիվ մասնակից, նա անցել է մի մեծ ճանապարհ, սոցռեալիստական լուրջ որակի նկարներ ուներ, բայց դրանք ցրված են այստեղ-այնտեղ, չեմ կարողանում գտնել»,- ORER.news-ի հաղորդմամբ՝ ասաց երգչուհին:
Ինչպես նա նշեց, այժմ Սուրեն Պիպոյանի արվեստանոցում առկա է մոտ 50 նկար։
«Մյուսների մասին տեղեկություն չունեմ։ Առկա են մասնավոր հավաքածուներում, կամ դրանց հետքը կորել է 90-ականների մութ ու ցուրտ տարիներին։ Նրա փափուկ, հին, բաշինջաղյանական գույներով նկարները սքանչելի են։ Հետո նա ձեռք բերեց խիստ ոճ. չնայած հումորով մարդ էր, բայց շատ դաժան կյանք էր ապրել, դա արտահայտվում է նրա ոճի մեջ։ Կյանքի վերջում հայրս ավելի չորացրեց ու սկսեց նկարել պայծառ նկարներ»,- պատմեց Լիլիթ Պիպոյանը։
Երգչուհին ընդգծեց՝ հոր մասին մինչ օրս շատերը չեն լսել, քանի որ նկարիչը խիստ համեստ մարդ էր։
«Իրեն գովել, պրոպագանդել չէր սիրում։ Այսօր Սուրեն Պիպոյանի արվեստանոցում հարմար պայմաններ չկան` նկարներն ամռանը «շոգում» են, ձմռանը` «մրսում»»։
Ինչ վերաբերում է մենահամերգին, Լիլիթ Պիպոյանն այն ուշացած չի համարում։ Սա նրա սիրո խոստովանությունն է հորը: