Եթե պրոֆեսիոնալ թիմ չունենայինք՝ կրակը կուլ կտար նաև բնակավայրերը
АналитикаԱնտառային հրդեհը և կրակի տարերայնորեն տարածումն այդ վայրում մեծ աղետ է, որի հետևանքով այն լրիվ կամ մասնակի կարող է ոչնչանալ։ Դրանք առաջանում են բնական ճանապարհով՝ կայծակից, տորֆի ինքնաբռնկման և մարդու անզգուշության հետևանքով։ Անտառների հրդեհավտանգության աստիճանը մեծանում է հատկապես տեղումների զգալի պակասի ժամանակ, երբ բարձրանում է օդի ջերմաստիճանը և նվազում է հարաբերական խոնավությունը: Այս մասին հավանաբար գիտեն բոլորը, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ անտառներում խորոված անել չի կարելի, հատկապես, եթե այդ տարածքով գետ չի հոսում:
Հիմա դառնանք նախորդ օրերին երկիրը ցնցած անտառային հրդեհներին, որոնց արդյունքում մեծ վնաս հասցվեց թե՛ բնությանը և թե՛ երկրին: Ու մինչ մասնագետները կհաշվեն ու կհաշվարկեն, թե որքան նյութական վնաս կրեցինք բոլորս, հասարակությունն այս ընթացքում կրկին բաժանվեց երկու թիմի՝ գործ անողների ու «անբան-վերլուծաբանների»: Թիմային պայքարի արդյունքում, անշուշտ, կարող էր բարձրանալ կրակի դեմ պայքարողների պատասխանատվության զգացումը, բայց առանց դրա էլ, մասնագետները լավ գիտեն, թե ինչքան բարդ գործ է անտառային հրդեհ մարելը և որքան վտանգավոր այն կարող է լինել հրշեջների կյանքի ու առողջության համար:
Այս ամենից անտեղյակ տաքսիստները, քաղաքագետները, շինարարները, գրող-վելուծողներն այս անգամ էլ չկարողացան լուռ հետևել գործողությունների ընթացքին: Փոխարենը ամենևին էլ չվարանեցին հերթական անգամ ցեխ շպրտել այն մարդկանց վրա, ովքեր օր ու գիշեր կռիվ էին տալիս կրակի երախում հայտնված անտառները փրկելու համար: Մեկի մտքով անգամ չանցավ հարցնել, թե հրշեջների ինքնազգացողությունն այս օրերից հետո ինչպես է, որևէ մեկն արդյոք ծխահար չի՞ եղել կամ վնասել իր առողջությունը:
Դրա փոխարեն «քննադատների» թիմը սկսեց հերթական փիլիսոփայական էննսեները ձոնել հրշեջ-փրկարարների, ոլորտի ղեկավության հասցեին՝ մոռանալով, որ կրակի դեմ պայքարելը հանաք բան չէ, իսկ դրսից օդանավ խնդրելը՝ ընդունված միջազգային պրակտիկա: Ինչ վերաբերում է ջրցան օդանավ ունենալ-չունենալուն և դրա օգնությանը դիմելու ժամկետներին, ապա հիշեցնենք, որ քննադատներն ամեն ինչից առաջ նախ պետք է կոչ անեին իրենց համաքաղաքացիներին և հատկապես սեփական ստամոքսի պահանջները բավարարելու մարմաջով տառապողներին, որ օդի գերշիկացման ժամանակ անտառներում թրև չգան ու հրդեհավտանգ իրավիճակներ չստեղծեն, քանի որ դրա հետևանքները կարող են անդառնալի լինել:
Ինչ վերաբերում է մեր հրշեջ-փրկարարներին, ապա նրանց որակի ու պրոֆեսիոնալիզմի մասին գիտեն ու նրանցով հպարտանում են անգամ «քննադատներին» անհայտ միջազգային հայտնի փրկարարական կազմակերպությունները, որտեղից նրանք վերադառնում են ամենաբարձր պարգևներով ու շնարհակալագրերով: Այնպես որ, փիլիսոփայելուց առաջ նախ հարկավոր է գնահատել այն, ինչ ունես, ոչ թե ցանկացած առիթի ժամանակ դիտորդի կարգավիճակում հայտնվելով նսեմացնել այն: Եվ եթե պրոֆեսիոնալ թիմ և նվիրյալ կամավորներ չունենայինք՝ հետևանքներն ավելի անդառնալի կլինեին, քան պատկերացնում են շատ-շատերը: Ու չի բացառվում, որ կրակը կուլ տար նաև բնակավայրերը:
Արմինե Գրիգորյան