Չինացի ներդրողներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային ներուժը
ЭкономикаՉինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը օգոստոսի 16-ին Պեկինում՝ Չինաստանի մասնավոր հատվածի միջազգային առևտրային պալատի կենտրոնական գրասենյակում, չինացի գործարարներին և ներդրողներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրը, ներդրումային գրավչությունները, ներուժը և առկա հնարավորությունները, ինչպես նաև մի շարք ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, հանքարդյունաբերության, արտադրության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես ներկայացվել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ներդրումային ծրագրերը, նախագծեր վերականգնվող արևային, հողմային, գեոթերմալ և հիդրոէներգետիկայի ոլորտներում։ Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել Հայաստանում ձկնաբուծության զարգացման և ջերմոցային տնտեսությունների կառուցման վերաբերյալ նախագծեր, պղնձաձուլարանի կառուցման և հանքարդյունաբերության ու արտադրության ոլորտի մի քանի այլ ծրագրեր։ Անդրադարձ է կատարվել նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու կառուցման ծրագրին։
Հանդիպմանը ներկա են եղել պետական և մասնավոր կառույցներից 40-ից ավելի մասնակիցներ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչը նշել է, որ հետաքրքրությունը չինական կողմից բավականին մեծ է հատկապես ենթակառուցվածքային և հանքարդյունաբերության ոլորտների հանդեպ։ «Ինտենսիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի տնտեսության, ներդրումային դաշտի և, առհասարակ, երկրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու և ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Հաճախակի անցկացվում են տարբեր ձևաչափերի միջոցառումներ, հանդիպումներ չինացի ձեռնարկատերերի, ներդրողների հետ, որպեսզի վերջիններս առավելապես տեղեկացված լինեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում առկա համագործակցության հնարավորությունների և ներդրումային ներուժի մասին: Դրանցից մեկը հենց այսօրվա հանդիպումն էր: Նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, և ճիշտ թիրախավորված աշխատանքի արդյունքում խթանելու ենք Հայաստանում չինական ներդրումների ծավալների աճը»,- ավելացրել է Աբաջյանը: